Երևանում ելույթ կունենա համաշխարհային համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը

Երևանում հանդես կգա խորաթափանց կատարողականությամբ և տեխնիկայի վարպետությամբ մեծ ճանաչում վայելող բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը:

Իսերլիսը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Կհնչեն Արվո Պյարտի Cantus Բենջամեն Բրիտտենի հիշատակին, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտ «Երաժշտական ուխտագնացություն» ստեղծագործությունները, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։

Սթիվեն Իսերլիսի ստեղծագործական կյանքը խիստ բազմազան է։ Նա համատեղում է մենակատարի, կամերային երաժշտի, մանկավարժի, գրողի, հաղորդավարի կարիերաները։ Երաժիշտը ելույթներ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ և մենակատարումներով հանդես է գալիս խոշոր երաժշտական կենտրոններում:

Սթիվեն Իսերլիսը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմական կատարողական ոճի նկատմամբ՝ աշխատելով տարբեր ժամանակաշրջանների երաժշտական գործիքներով նվագող բազմաթիվ նվագախմբերի հետ։ Նրա երկացանկն ընդգրկուն է՝ թավջութակի համար համաշխարհային դասական գրականության ընտիր նմուշներից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Իսերլիսը ստեղծագործում է նաև երեխաների համար: Նրա մանկական գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726 թվականին պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակը, որը նրան տրամադրել է Թագավորական երաժշտական ակադեմիան:

«Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Այս թեմայով
am