Նոյեմբերի 9` Հայաստանի երկրորդ նվաստացումը Նիկոլ Փաշինյանի ձեռքով

2020 թվականի նոյեմբերի 9-ը Հայաստանի անկախ հանրապետության պատմության ամենախայտառակ օրն էր, որի հոգեբանական հետևանքները դեռ երկար հնարավոր չի լինելու վերացնել։ 44 օր խաբելով ու ստելով պատերազմի իրական վիճակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ամենածանր հարվածը հասցրեց Հայաստանի Հանրապետությանը։ Այս տարի նույն օրը Փաշինյանը երկրորդ ծանրագույն հարվածն է հասցնելու։

«Ալիք Մեդիա»-ի դիվանագիտական վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին: Լրագրող Թաթուլ Հակոբյանը հաստատել է, որ աղբյուրները խիստ վստահելի են, իսկ այդ համաձայնություններից առայժմ խուսափելու միակ տարբերակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Արդյո՞ք նա հրաժարական կտա։ Իհարկե՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ ՀՀ շահերն իր համար առ ոչինչ են, իսկ իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության։ Արդյունքում, ՀՀ քաղաքացիներին 2021 թվականի նոյեմբերի 9-Ին նոր նվաստացում է սպասվում։

Օնիկ Հակոբյան

 

Այս թեմայով
am