«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում շարունակվում է գների աճ արձանագրվել: 2021 թ. հունվար-սեպտեմբերին միայն սննդամթերքի գները պաշտոնական տվյալներով ավելացել են 10,2 տոկոսով:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հիմնականում սննդամթերքը, առանձին ապրանքատեսակների մասով ոչ թե 10, այլ ավելի մեծ տոկոսով են թանկացել:

«Առանձին դեպքերում 20, 30, մինչև անգամ 40 տոկոս թանկացման հետ գործ ունենք: Գնաճին զուգահեռ՝ սովորաբար կառավարությունները եկամուտների ինդեքսացիա են իրականացնում, այսինքն, բոլոր եկամուտները պետք է համամասնորեն ինդեքսավորվեն, ինչը մեզ մոտ խորթ երևույթ է:

Գնաճի գործոններն, իհարկե, բազմաբևեռ են, բայց պետք է արձանագրել հետևյալը. երբ գների նվազում է լինում, գործող կառավարությունը 100 փաստերի մեջ է ներառում: Օրինակը բենզինի՝ ընդ որում, իրենցից անկախ արձանագրված գնանկումն էր: Բայց երբ գործ ունենք թանկացման հետ, բոլորը լուռ են, ու որևէ մեկը հոդաբաշխ մեկնաբանություն չի տալիս: Մեծ հաշվով, իսկապես գործ ունենք ծանր սոցիալական վիճակի հետ, որովհետև գնաճին համընթաց եկամուտները չեն ավելանում»,-ասաց Հ. Ֆարմանյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես տնտեսական աճ արձանագրելու հիմնական առանցքը ներդրումների ներգրավումն է. «Բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ու ընդամենը թվեր են արձանագրում: Օրեր առաջ ՊԵԿ նախագահն ինչ-որ աննախադեպ հարկային մուտքերի մասին հայտարարեց: Մինչդեռ այդ ցուցանիշների որակական կառուցվածքի մասին չեն խոսում: Մենք ունենք տնտեսական աճ ընդամենը միջազգային շուկայում պղնձի գների բարձրացման շնորհիվ, որոշակի աճ է նկատվում նաև Հայաստան փոխանցվող գումարների՝ տրանսֆերտների առումով: Նշվածները որակական ցուցանիշ չեն: Մնացած դեպքում էլ աշխատում են տնտեսության այն ոլորտները, որոնք որակական ցուցանիշների հետ ընդհանրապես կապ չունեն: Քանի որ տնտեսության մեջ մենք որակական աճի հեռանկարներ չունենք, ավելի վատ վիճակ ենք ունենալու, այս իրավիճակը գնալով խորանալու է»:

Այս համատեքստում նա հավելեց, որ նշվածին զուգահեռ՝ պետական համակարգում շարունակում են ծախսեր իրականացնել, դրանք որևէ կերպ չեն կրճատվում. «Պետական ապարատից որևէ մեկը չի տուժում, այս սոցիալական ծանր իրավիճակում տուժում է միայն հասարակ քաղաքացին: Էկոնոմիկայի նախարարն օրեր առաջ ասաց՝ «մեր արած աշխատանքը խժռում է գնաճը»: Իսկ ես կասեի՝ գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, թոշակները, սակայն չի խժռում իրենց պարգևավճարները: Գնաճն իրենց վրա չի ազդում»:

Ինչ վերաբերում է թոշակների, նպաստների սպասվող բարձրացումներին, նաև 2022 թվականի բյուջեի ծախսային հատվածին, որը կառավարությունում ևս «աննախադեպ» են համարում, տնտեսագետը նշեց. «Այս կառավարությունն աննախադեպության սինդրոմով է տառապում: Սովորաբար որևէ բարձրացման դեպքում՝ լինի աշխատավարձ, թե թոշակ, չեն նշում, թե ելակետը որն է: Ելակետային վերլուծական տվյալներ չկան, որ հասկանանք՝ նախատեսվող բարձրացումը նորմա՞լ է, թե՞ ոչ: Միգուցե, ենթադրենք, բազային կենսաթոշակների 2100 դրամ ավելացման փոխարեն բարձրացումը պետք է 10 հազար դրամով լինի՞: Մեծ հաշվով, նման գնաճի պայմաններում ոչ մի աննախադեպ բան գոյություն չունի: Այս ամենը ոչինչ չասող թվեր են, որոնք հասարակ քաղաքացու վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Դրանով որևէ հարց չի լուծվելու քաղաքացիների համար»:

Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ, առհասարակ, տնտեսական քաղաքականության վարման ստանդարտ գործիքակազմ գոյություն ունի: «Խոսքը բարենպաստ միջավայր ստեղծելու, միջոցներ ներգրավելու, ծախսերը կրճատելու մասին է: Բացի այդ, երկիրդ պետք է հրապուրիչ լինի: Ընտանիքի մակարդակով համեմատություն անենք: Որքանո՞վ ճիշտ կլինի, երբ ընտանիքի անդամներից մեկը շարունակի ցոփ ու շվայտ կյանքով ապրել, մնացածները տանը սոված նստեն, բայց ինքը հույս տա, որ լավ է լինելու: Ճիշտ չէ սա: Հիմա երկրի մասշտաբով ի՞նչ ենք տեսնում: Պետական պաշտոնյան շարունակում է իր բարիքներից օգտվել, ու այս առումով որևէ սահմանափակում չենք տեսնում: Ու այդ վարքագծով շարունակում են իրենց պաշտոնները վայելել: Ոչինչ չփոխվեց անգամ կորոնավիրուսի տարածման ֆոնին ու պատերազմի ժամանակ: Մեր հանրապետությունը ևս մեծ ընտանիք է:

Ունենք մեծ ընտանիք, որի պետական ապարատում շարունակում են շռայլ ծախսեր կատարել, բայց մյուս կողմից՝ բարենպաստ օրենսդրական փոփոխություններ, ներդրումների ներգրավմանն ուղղված քայլեր, մեծ հաշվով, չենք տեսնում: Գուցե առանձին քայլեր արվել են առանձին ոլորտներում: Հիմա, օրինակ՝ առանձին տնտեսվարողներ ասում են, որ հարկային վարչարարության առումով բարելավում կա: Չեմ վիճի, բայց գլոբալ առումով պետությունն ի՞նչ քայլեր է իրականացրել, որ Հայաստանը հրապուրիչ լինի: Առավել ևս՝ այս պայմաններում, երբ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամ ու նաև պետերազմի հետևանքներ ունեցանք»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ շոշափելի, ընդ որում՝ որակական տնտեսական աճ պետք է լինի, որպեսզի քաղաքացին որևէ օգուտ զգա: Հայկ ֆարմանյանի դիտարկմամբ, այդ քայլերը, մեծ հաշվով, չկան:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Այս թեմայով
am