Խժռելու վարպետ Քերոբյանը․ ինչպե՞ս ապարդյուն խմբագրել սեփական ստերը

Մինչ միջազգային տարբեր կառույցներ Հայաստանում տնտեսական աճի համեստ ցուցանիշներ են կանխատեսում ու համապատասխան փաստերով ամրագրում այդ կանխատեսումները, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աչքի էր ընկնում երկնիշ թվեր երկնելու սովորությամբ։ Էկոնոմիկայի նախարարին լսելիս՝ տպավորութուն էր առաջանում, թե ուր որ է՝ Հայաստանը առաջ է պոկվելու բոլոր հարևաններից և շեշտակի արագությամբ տնտեսական աճ է լինելու։ Նույնիսկ գործող իշխանության տնտեսագետները շիվարում էին նման բուռն ստերից, ստիպված էին մեղմել Վահան Քերոբյանի ստերը։ Ի վերջո, Քերոբյանն ինքն էլ հասկացել է, որ կարող է անհեթեթ վիճակում հայտնվել իր իսկ հայտարարությունների հետևանքով, երեկ փորձել է խմբագրել իր հայտարարությունները։ Նա երեկ կառավարության նիստից հետո նշել է, թե կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ «գնաճը, կարելի է ասել, խժռում է արած աշխատանքի մեծ մասը»:

Շարունակելով խժռելու թեման՝ Քերոբյանը նաև անդրադարձել է Ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախաձեռնությանը, ասել, թե այդ տոներն իրականում որկրամոլության մրցավազք են, իսկ որկրամոլությունը մահացու մեղք է համարվում։ Հայաստանում ավարտվել է երրորդ եռամսյակը, Ազգային վիճակագրական կոմիտեն առաջիկայում կներկայացնի եռամսյակային տվյալները, և ակնհայտ կդառնա, որ երկնիշ որևէ տնտեսական զարգացում լինել չի կարող։ Լավագույն դեպքում, ինչպես կանխատեսել են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, 2021 թվականին կարող է լինել 6,5 տոկոս տնտեսական աճ, այն էլ նախորդ տարվա շոշափելի անկումից հետո։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունները, որոնց մոտ միայն խժռելն է լավ ստացվում, ձախողել են նաև տնտեսության վերականգնումը։ Իսկ էկոնոմիկայի նախարարը այսօր փորձում է խմբագրել իր իսկ ստերը, որպեսզի հետագայում խնդիրների չբախվի։

 

Այս թեմայով
am