Այն խնդիրները, որ Սյունիքում և Գեղարքունիքում դնում են ՀՀ-ի առջև, չափազանց լուրջ են լինելու հետագայում․ Սեյրան Օհանյան

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից անցել է շուրջ մեկ տարի և մեր պետության կողմից համապատասխան գնահատական չի տրվել այդ իրավիճակին։ Կան բազմաթիվ թերություններ պետական, ռազմական կառավարման ոլորտներում, և իրենց համար դժվար է գնահատական տալ հենց իրենց գործունեությանը։

Այս մասին «Տեղահանված և բռնագրավված Հադրութ. Մեկ տարի անց» խորագրով հանրային քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վերջինս շեշտեց, որ Հայաստանը գտնվում է գերտերությունների շահերի կիզակետում։

«Մենք միշտ եղել ենք այդ կիզակետում, սակայն ավելացել է այն, որ Թուրքիան ներխուժել է Հարավային Կովկաս տարբեր վերահսկող օրգանների միջոցով և այսօր էլ փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի և Արցախի վրա»։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ այս իրավիճակում մի քանի ուղղություններով մի շարք աշխատանքներ պետք է կատարվեր։

«ՀՀ իշխանությունն ավելի շատ ուշադրություն է դարձնում երկրի ներսում առկա խնդիրներին, քան սահմանային իրավիճակին։ Սյունիքում և Գեղարքունիքում այն  խնդիրները, որ դնում են ՀՀ-ի առջև, չափազանց լուրջ են լինելու հետագայում»։

Անդրադառնալով տեղահանվածների հարցերին՝ Օհանյանը նշեց.

«Այս հարցը մեզ մտահոգում է երկու առումով։ Առաջինը մեր հայրենիքի մի մասի կորուստը` Հարդրութ, Շուշի, և տեղահանվածների սոցիալական խնդիրները։ Փառք Աստծո, որ այս պահին Արցախում են ՌԴ խաղաղապահ ուժերը, սակայն նրանց գոյությունը հեռանկարային առումով անորոշ է։ Պետք է համատեղ քննարկենք և առաջարկություններ անենք, որպեսզի հասկանանք՝ ապագայում ինչ է լինելու»։

Օհանյանը նշեց, որ Ծաղկաձորի սպորտային համալիրում ապրող հադրութցիներից նամակ է ստացել սոցիալական հարցերի հետ կապված։

«Որոշակի խնդիրներ ունեն կոմունալ ծախսերի հետ կապված։ Նախկինում երիտասարդական կազմակերպությունն էր վճարում, հիմա այն լուծարվել է, և այդ խնդիրը ևս պետք է լուծվի»,- նշեց Օհանյանը։

Այս թեմայով
am