Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի․ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կարվեն

Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

«Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագիծն արդեն իսկ հրապարակված է e-draft.am կայքում։ Ըստ այդմ անհրաժեշտ հավաստագրերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում և կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Գործատուն իրավունք կունենա չվճարել աշխատավարձ մինչև նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Միաժամանակ առաջարկվող փոփոխությունները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։

Այս թեմայով
am