Իրապես ազգային դպրոցը մեր իրականության գլխավոր մասը պետք է դառնա

Այդպես ամեն օր կամրացնենք երկրի բոլոր ոլորտները՝ սոցիալականից մինչեւ անվտանգություն

Հատկապես պատերազմից հետո շատերս ենք վերլուծել հետեւանքների պատճառներն ու ձեռնարկվելիք քայլերը։ Ե՛վ պատճառներն են շատ, եւ՛ անելիքները։ Բայց այս երկուսի ծիրում էլ կա ամենակարեւորը՝ կրթություն։ Եվ ո՛չ պարզապես կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն։ Առանց այս՝ ամենահիմնական բաղադրիչի չենք կարող խոսել պետության ու պետականության ամրապնդման, հզոր տնտեսություն եւ անվտանգության համակարգ ունենալու մասին։ Առանց այս բաղադրիչի ընդհանրապես ոչ մի ոլորտի հստակ կայանալու մասին երազել անգամ չենք կարող։

Հոկտեմբերի 6-ը  ուսուցչի օրն էր։ Երբեք չեմ անդրադարձել այս օրվան, խորքային չեմ պատկերացրել այսօրվա մեր դպրոցի խնդիրները, քանի դեռ չեմ ունեցել դպրոցահասակ երեխա։ Դպրության եւ իմաստնության աստված ունեցող ազգի համար ուսուցչությունը խորագույն հարգանքի արժանի գործ է, էություն ու նվիրում, գործին ցմահ սիրահարվածություն ու անչափելի հարգանք։

Հայրենիքս ճանաչելու, ընտանիքս սիրելու (ոչ կենսաբանական գործոնով պայմանավորված), հարազատներիս ու շրջապատս հարգելու, բակից սկսած երկրի ամեն քար ու թփին խնամքով վերաբերելու զգացողությունը դպրոցում եմ ստացել։ Մնացածն արդեն շարան-շարան կառուցում էի։ Դպրոցը դրել էր հիմնաքարը։ Այսօրվա դպրոցն անո՞ւմ է դա։ Յուրաքանչյուրս յուրովի կպատասխանենք։

Սեփական երկրի պատմության ամեն էջ կարդալու, արվածն ու չարվածը որոշելու, կորցրածը զգալու ու այդ կորցրածը հետ բերելու նպատակի զգացողությունը դպրոցում եմ ստացել։ Նպատակի՛, ոչ թե երազանքի։ Այդ զգացողությունն այնպես էր ներարկվում, որ դասընկերներով քարտեզ էինք փոխում, գծում, ջնջում, վերականգնում, անգամ երազ տեսնում՝ ինչքան տարածք ենք ազատագրել ու ինչպես։ Մեկն իրեն Կիլիկյան Հայաստանի ծնունդ էր զգում, մյուսը՝ 4-րդ դարի Հայաստանում էր ուզում ինչ-որ բան փոխել՝ հետո ավելի հզոր Հայաստանի համար, մեկն Արտաշեսյան շրջանում էր իրեն լավ զգում, մյուսն էլ՝ Բագրատունիներից պոկ չէր գալիս։ Ես իմ անելիքը միշտ հին դարաշրջանում էի տեսնում՝ մեր թվարկությունից առաջ ու միշտ քրմական ռազմական դասի ղեկավարն էի։ Դասընկերներով նույնիսկ միմյանց անուններ էինք տվել։ Ու շատերս էինք սկսել փնտրել մեր տոհմածառը։ Ուսուցիչը միայն դաս չէր տալիս, այլ՝ ոգի, զգացողություն, հայրենիքի հանդեպ պաշտամունք ու կարոտ։ Մնացյալն անում էինք մենք։ Դրվել էր անհրաժեշտը՝ հիմնաքարը։ Այսօրվա դպրոցն անո՞ւմ է դա։ Ամեն մեկս ձեռքներս մեր խղճին դնենք…

Աշխատանքի ուսուցման ժամերին (հիմա տեխնոլոգիա են կոչում) մենք սովորում էինք տարբերել, ասենք, տանձենու ու կաղնու փայտերը, գիտեինք՝ որն ինչպես մշակել, ճնճղուկի բույն էինք պատրաստում, դպրոցի աթոռները վերանորոգում։ Ընթացքում սովորում էինք՝ Հայաստանում որտեղ է կաղնի աճում, ինչ նշանակություն ունի այդ ծառը, ինչպես պետք է այն խնամել եւ այլն։ Այս առարկայի բուն դասաժամերից զատ կային նաեւ արտադասարանական պարապմունքներ։ Դրանցից մեկին՝ ասեղնագործությանը մշտապես հաճախելը նույնիսկ այսօր ինձ օգնում է գումար վաստակել։ Այսօրվա դպրոցն անո՞ւմ է դա։ Գիտենք պատասխանը։

Այսպես կարող ենք խոսել յուրաքանչյուր առարկայի մասին։ Բայց ավելի շատ հարկ է խոսել այսօրվա անելիքների մասին։ Պետությունը պետք է ջանք չխնայի, որպեսզի դպրոցը վերագտնի իր հարգը, որպեսզի ուսուցչությունը վերագտնի հենց իրեն արժանի պատիվը, որովհետեւ մեր երկրի մասին մտահոգ, մեր երկիրը շեն պահող անհատն այստեղ է ձեւավորվելու՝ լինի շինարար, բժիշկ, լրագրող թե գիտնական։ Ընտանիքը, ինչ խոսք, նույնպես ուրույն եւ առանձնահատուկ տեղ ունի այս ամենում։ Շղթան պետք է աշխատի՝ օղակ առ օղակ։ Եվ երեխան այս շղթայում պետք է խզում  հնարավորինս չտեսնի։ Երեխայի մեջ պետք է սերմանվի այն գիտակցումը, որ ինքը իրավունքներից զատ ունի պարտականություններ։ Եվ այդ պարտականություններից մեկը կրթվելն է, եւ որ իր ամենօրյա աշխատանքով ինքը վաղը օգտակար է լինելու իր ընտանիքին, ընկերներին, շրջապատին, հայրենիքին՝ շղթային։ Եվ որ ինքն իրեն այդ շղթայի կարեւորագույն օղակը զգա:

Իրապես ազգային դպրոցը մեր իրականության գլխավոր մասը պետք է դառնա։ Այդպես մենք ամեն օր կամրացնենք մեր երկրի բոլոր ոլորտները՝ սոցիալականից սկսած մինչեւ անվտանգություն՝ ունակ նպատակադրելու եւ լուծելու ազգային շատ հարցեր։ Նվիրումն ու գիտելիքը շատ բան կփոխեն՝ արագ եւ տեսանելի։ Եվ հենց այդ ժամանակ էլ բոլորովին այլ զգացողությամբ կնշենք ուսուցչի օրը՝ դրան բոլորովին այլ իմաստի վերագրումով ու էության ճանաչմամբ: Եվ հենց այդ ժամանակ էլ այս օրը հերթական օր չի լինի:

Արմենուհի Մելքոնյան 

Այս թեմայով
am