Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ՝ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացման մասին։ Քվեարկության արդյունքների մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան ակնկալում է ավարտին հասցնել համաձայնագրի վավերացման գործընթացը մինչ նոյեմբերին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի մեկնարկը։

Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրն առաջին գլոբալ կլիմայական համաձայնագիրն է, որը ստորագրվել է ավելի քան 190 երկրի կողմից 2015 թվականի դեկտեմբերին։ Այն նախատեսում է գլոբալ տաքացումը զսպելուն ուղղված գործողությունների համաշխարհային պլան։ Համաձայնագիրը չի ենթադրում հանածո վառելիքից լիովին հրաժարում։ Սակայն բոլոր կողմերը պետք է միջոցառումներ սահմանեն արտանետումների նվազեցման, տեխնոլոգիական վերազինման ուղղությամբ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր բերել երկիրը համաձայնագրից, սակայն Ջո Բայդենը նախագահության հենց առաջին օրը հրամանագիր էր ստորագրել՝ երկիրը համաձայնագիր վերադարձնելու մասին։

Այս թեմայով
am