Տեղի է ունեցել Մեխակ Ղազարյանի անվան բռնցքամարտի մրցաշարը

ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Մեխակ Ղազարյանի անվան մրցաշարը անցկացվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի, Գյումրու համայնքապետարանի, Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցել են պատանի բռնցքամարտիկներ Շիրակի մարզից, Երևանից, Վանաձորից, Արարատից, Էջմիածնից ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնությունից: Մասնակցության համար գավաթների են արժանացել բոլոր պատանի բռնցքամարտիկները:

Ինչպես տեղեկացնում է Meganews.am-ը՝ մրցաշարի եզրափակիչ մասին ներկա են եղել ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի, շնորհավորանքի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Վերջինս ներկաներին փոխանցել է նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալության խոսքը, որում համայնքի ղեկավարը անդրադարձ է կատարել Մեխակ Ղազարյանի գործունեությանը, սպորտի ոլորտում ունեցած մեծ ավանդին և ոլորտում գրանցված հաջողություններին. «Նրա աշխատանքի արդյունքում Գյումրին ունեցել է Օլիմպիական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, ինչպես նաև՝ աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, փոխչեմպիոններ և բրոնզե մեդալակիրներ, Հայաստան է բերվել ընդհանուր հաշվով՝ 237 մեդալ: Այսինքն, ՀՀ-ի նվաճումների շուրջ 1/3-ը բաժին է հասնում գյումրեցի մարզիկ-մարզուհիներին»,- նշված է եղել համայնքի ղեկավարի խոսքում:

Մրցաշարի ընթացքում Մեխակ Ղազարյանը ՀԱՕԿ-ի կողմից պարգևատրվել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան ոսկե մեդալով, որը փառապանծ մարզիկին փոխանցել է Դերենիկ Գաբրիելյանը: Մեխակ Ղազարյանը Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է նաև ԵԿՄ մեդալով:

Այս թեմայով
am