Ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականը գերազանց ելույթներ է ունենում

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում Պետրոս Պետրոսյանը (102 կգ) երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

19-ամյա ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 150 կգ: Երկրորդ փորձից պոկել է 155 կգ ծանրաձողը՝ արժանանալով այս վարժության փոքր բրոնզե մեդալին:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Պետրոս Պետրոսյանը հաջողությամբ հրել է 188 կգ, իսկ երկրորդ փորձից՝ 194 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր բրոնզե մեդալը:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի համար ոսկե մեդալ էր նվաճել 18-ամյա Մարգարիտա Առաքելյանը: Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության կանանց մրցաշարի 87 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 202 կգ արդյունքով (86+116): Դա Հայաստանի 7-րդ ոսկե մեդալն էր:

Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտի 230 կգ արդյունք), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 216), մինչև 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ՝ 328 կգ), բրոնզե մեդալի է արժանացել Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

Այս թեմայով
am