Գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերության վարորդ-առաքիչը կասկածվում է Գեղարքունիքի մարզում հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, նա դեպքի վայրից հեռացել էր.shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Սևանի բաժնի՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտչյանի կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է սեպտեմբերի14-ին Գեղարքունիքի մարզում 65-ամյա Մանյակ Գալստյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած վարորդի ինքնությունը և նրա վարած ավտոմեքենայի մակնիշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ու քննիչների կատարված բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 60-ամյա Քաջիկ Մ-ն, ով խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 19։40-ի սահմաններում իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ինքն է վրաերթի ենթարկել Մ. Գալստյանին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Քննիչի որոշմամբ Քաջիկ Մ-ն ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  

Ժամը 19։40-ի սահմաններում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի  էր ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել էր։
 

Այս թեմայով
am