ԱՀԿ-ն կասեցրել է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի գրանցման գործընթացը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է ռուսական արտադրության «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի գրանցման գործընթացը: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Կազմակերպությունը նշում է՝ պատվաստանյութն արտադրող ընկերություններից մեկում արտադրության պայմանները չեն համապատասխանել պահանջվող ստանդարտներին: ԱՀԿ-ն հայտնում է, որ գրանցման գործընթացը կասեցված կմնա այնքան՝ մինչև այդ ընկերությունում տեղի չունենա հերթական ստուգումը:

«Արտադրողը պետք է սա հաշվի առնի, ձեռնարկի անհրաժեշտ միջոցները և պատրաստ լինի հաջորդ ստուգմանը: ԱՀԿ-ն սպասում է, թե երբ արտադրողը կհայտնի ստանդարտներին համապատասխանելու լուրի մասին»,- ասել է «Պան Ամերիկա» առողջապահության կազմակերպության տնօրեն Ջարբաս Բարբոսան:

Ռուսաստանը «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը գրանցելու համար առողջապահության համաշխարհային կազմակերպություն էր դիմել դեռ այս տարվա փետրվարին, սակայն դեռևս չի ստացել թույլտվություն այն արտակարգ իրավիճակներում կիրառելու համար:

Ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի՝ The Lancet-ի «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 91,6 տոկոս: Ըստ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը արտադրող հիմնական ընկերության՝ պատվաստանյութի մեկ դեղաչափի արդյունավետությունը կազմում է 97,2 տոկոս:

Սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու եվրոպական դեղերի գործակալությունը հայտարարում են՝ ՌԴ-ն չի տրամադրում պատվաստանյութի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Այս թեմայով
am