Ինչ որոշում է ստորագրել Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ օրեր առաջ ստորագրել եմ Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար:

• Ստեփանակերտ քաղաքում կառուցվում են բազմաբնակարան շենքեր` շուրջ 1200 բնակարանով:

• Հանրապետության գյուղական բնակավայրերում կառուցապատվում են առնվազն 20 նոր բնակելի թաղամասեր, որի շրջանակում կկառուցվեն ավելի քան 2297 բնակելի տներ ավելի քան 36 համայնքի տեղահանված բնակիչների համար: Այդ բնակելի տներից 1809-ի համար կկառուցվեն հիմքերը, իսկ թեթև կոնստրուկցիաներով դրանց կառուցումը կիրականացվի բարեգործական տարբեր ծրագրերով:

• Ստեփանակերտ քաղաքի բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 1000 և երկրորդային շուկայից՝ ավելի քան 500 բնակտարածք:

• Հանրապետության շրջանների բնակարանների առաջնային շուկայից կգնվի մոտ 70 բնակարանի և երկրորդային շուկայից կգնվի և կվերանորոգվի շուրջ 1000 միավոր բնակտարածք:

• Ծրագրի շրջանակներում ապահովվելու է նաև կառուցապատվող բնակավայրերի բարեկարգումը, ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը և բնակտարածքների կահավորումը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Արցախի Հանրապետության պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին առաջիկայում առանձին կանդրադառնամ…

Նման ծրագրերի միջոցով լուծելու ենք բնակարանային ապահովման կարիք ունեցող մեր բոլոր քաղաքացիների բնակարանային խնդիրը։ Նշեմ, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում գործող պետական բնակարանային ծրագրերը ևս ուժի մեջ են, և կառավարությունը շարունակում է զուգահեռաբար իրականացնել իր պարտավորությունները մնացած շահառու խմբերի հանդեպ»:

Այս թեմայով
am