Սահմանադրությունը սևագրության թերթիկ է դարձել.Արտավազդ Բայաթյան

Ինձ համար պայքարի անընդունելի ձև չկա: Meganews.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը, անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնությանը:

«Ես չեմ կարող ասել ճիշտ, թե սխալ պայքարի ձև է ընտրել Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմության, ընդվզման ղեկավարը, ինքն է ընտրում իր պայքարի ուղին: Պայքարի ամեն տարբերակ էլ արդարացված է և ընդունելի, եթե բռնության կոչեր չկան: Պարզապես պետք է պայքարել ոչ թե մեկ անձի դեմ, այլ ամբողջ իրավիճակը փոխելու»-ասաց Բայաթյանը:

 Երգչի խոսքով՝ մեր երկրում անօրինության մթնոլորտ է տիրում.

 «Այ այդ անօրինությունների դեմ է պետք պայքարել: Մի իրավիճակում ենք հայտնվել, երբ անձը փորձում է կառավարել երկրում երրորդ անգամ, սա բռնապետության է տանում, մեզ մոտ կիսաբռնապետական կարգեր են իշխում, ինչպես խորհրդային տարիներին: Շատ երկրներում մեզ մինչև հիմա ընդունում են որպես Ռուսաստանի ծայրամաս: Սահմանադրությունը սևագրության թերթիկ է դարձել, ով գալիս է ջնջում և նորն է կազմում իր շահերին համապատասխան: Այսպիսի բանն անընդունելի է»:

Բայաթյանը ինքն էլ է մասնացել  «Իմ քայլը» նախաձեռնությանը.

«Ես էլ եմ գնացել, մասնակցել, բայց մարդը ով աշխատում է, չի կարող ամբողջ օրը մնալ փողոցում: Մարդիկ, ովքեր երկար ժամանակ կարողանում են մնալ դրսում, ուրեմն մի բան իրենց մոտ կեղծ է, իրենք որևէ տեղից ֆինանսավորում ունեն»:

Դիտարկմանը՝ մարդիկ հիասթափված են, քչերն են դուրս գալիս իրենց բողոքն արտահայտելու, պատասխանեց.

«Եկեք չմոռանանք, թե որքան մարդ է արտագաղթել երկրից, այսինքն բնակչության թիվը ինքնին քիչ է: Շատերը մարզերից են՝ չեն կարողանում հասնել Երևան, մի մասին կհեռացնեն աշխատանքից, եթե փողոց դուրս գան, և վերջապես եկեք չմոռանանք ոստիկանական հագուստ կրող մեծամասնությանն ու պաշտոնյաների թիկնազորին»:

Բայաթյանն համոզված է, որ ամեն ինչը ժամանակի հետ կլինի:

«Ժամանակ է պետք սերնդափոխության համար: Նոր եկող սերունդն էլ նախկինը չէ, չեն վախենում իրենց կարծիքը ասելուց, պայքարելուց: Ժամանակ է պետք նոր արժեհամակարգ ունենալու համար», -եզրափակեց իր խոսքը Արտավազդ Բայաթյանը:

Այս թեմայով
am