Ոչ թե հովանավորը պիտի երևա, այլ արվեստը պիտի խոսի. Րաֆֆի Հովհաննիսյան

Օրեր առաջ  մշակութային գործիչների պարգևատրումը հասարակության լայն շրջանում դժգոհությունների առիթ է դարձել:  Այս և մշակութային կյանքի բացերի  մասին  մեր թղթակիցը զրուցել է  ՕՐՕ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա տիկնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Արմենուհի, Ձեր կարծիքով ի՞նչ  բացեր ունի մերօրյա մշակութային կյանքը:

-Եթե մշակույթը բացեր չունենա, նշանակում է, այն արդեն հասունացել ու մեռել է: Մշակույթն այն ասպարեզն է, որը միշտ պետք է հեղափոխության մեջ լինի: Ես շատ եմ սիրում նոր սերնդին, սակայն ուզում եմ տեսնել օրիգինալ կատարողների, ստեղծագործողների: Ես սիրում եմ այս զարթոնքը, որ երիտասարդները հասկանում են, որ կարելի է վերցնել մեր ժողովրդական երգերը, հին երգերը և նոր ձևով մատուցել դրանք:

-Ի՞նչը կցանկանայիք իսպառ վերանար մշակութային կյանքից:

-Իսպառ ոչինչ չէի ցանկանա վերանար: Էվոլյուցիայի միջոցով ինչ-որ պետք է, կվերանա,  նորը կգա, իր տեղը կգտնի:

-Անդրադառնանք նաև  «Վաստակավոր» -ի կոչմանը: Համամի՞տ եք այս կոչումով պարգևատրվածների ընտրության հետ:

-«Վաստակավոր»-ի կոչումով պարգևատրումը մարդկանց հետաքրքում է միայն այդ երկու օրը, երբ այն տրվում է, իսկ  տարվա մնացած օրերին վաստակավորի կոչումը տալիս է ժողովուրդը:

Անկեղծ ասած, չեմ հետևել, դա ինձ այդքան էլ չի  հետաքրքրում, ուստի չեմ կարող նշել՝ ովքեր են արժանի, ովքեր՝ ոչ:

-Ովքե՞ր են Ձեզ համար վաստակավորները:

-Ինձ համար վաստակավոր պիտի լինեն այն սերնդի մարդիկ, ովքեր  իսկապես մեծ ներդրում են ունեցել և ինչ-որ տարիք են ներկայացնում: Իմ կարծիքով երիտասարդ տարիքում վաստակավորի կոչմանն արժանանալը վայել չէ, և  դա տաղանդի  հետ կապ չունի: Մարդիկ վաստակում եմ իրենց տարիքով և տաղանդով:

-Պարոն Հովհաննիսյան, եթե  Դուք հնարավորություն ունենայիք փոխել հայ մշակութային կյանքը, ի՞նչ կփոխեիք առաջին հերթին:

-Մշակութային կյանքն այն բանը չէ, որ մեկ  հոգին կարողանա փոխել: Մեզ  մոտ մեկ-մեկ քաղաքականացվում է մշակույթն ու արվեստը և կախված է այս կամ այն մարդուց: Թող ամեն մեկն իր բարեգործությունը բերի լռելյայն, քանզի ոչ թե հովանավորը պիտի երևա, այլ արվեստը պիտի խոսի:

-Դո՞ւք ինչ կասեք մեր մշակութային կյանքի բացերի մասին:

Մեր պատմական արժեքների կորուստը կամ չգիտակցումը  բաց է մեր սերնդի համար: Պիտի աշխատենք այդ ուղղությամբ, սակայն միաժամանակ, պիտի քայլենք ժամանակին համահունչ, կատարելագործվենք,  բաց լինենք աշխարհի առջև: Հստակ պիտի տարբերենք, թե որն է մերը, որը՝ օտարինը: 

-Ինչպիսի՞ երաժշտություն է նախընտրում լսել Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Կյանքը հետաքրքիր է իր բազմազանությանբ: Ես լսում եմ դասականից մինչև թեթև ռոք, սակայն, առաջին հերթին  հայկական  ժողովրդական երգ ու պարն եմ սիրում:

Կարինե Գևորգյան

 

 

 

 

 

 

 

Այս թեմայով
am