Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել

Պատերազմից 5 ամիս անց մի շարք բուժհաստատություններում շարունակում են գտնվել արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախարարին ներկայացվել են պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան զինվորի կյանքը փրկելու համար։ Նա ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ։

Այս թեմայով
am