Մամուլի քարտուղարը  նաև  հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատուի պաշտոնո՞ւմ

Այս տարի` հունվարի 18-ին, Կառավարությունը կողմ քվեարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, ըստ որի,  մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնները  պետք է համատեղվեն: Հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման աշխատակիցների պաշտոնները դառնալու են հայեցողական: Մասնագետների շրջանում թեման արդիական է` թե՛ կողմ, թե՛ դեմ տեսակետերով: Թեմայի շուրջ  MegaNews.am-ը զրուցել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ, Աստղիկ Ավետիսյանի հետ:

-Մեր երկրում գերատեսչություններում մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է` ի  տարբերություն հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի,  որն ընդունվում է մրցութային կարգով:  Տիկին Ավետիսյան, կնշե՞ք նրանց գործառույթների հիմնական տարբերությունը:

-Հանրային կապերի մասնագետների հիմնական գործառույթը տվյալ գերատեսչության, կառույցի գործունեության հրապարակայնացումն ու հաղորդակցման ապահովումն է:  Մամուլի քարտուղարները սովորաբար աշխատում են անձի հետ, օրինակ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար և այլն… Մամուլի քարտուղարները, խոսնակներն իրենց ղեկավարի ուղերձը հասցնում են  մեծ լսարանին, իրենց հստակ գործառույթներն ունեն, իսկ PR ստորաբաժանումները ամբողջ  կառույցի տեղեկատվության տարածմամբ և փոխհարաբերությունների ձևավորմամբ են զբաղվում: Ըստ էության,  պետական գերատեսչություններում կան  մամուլի քարտուղարներ և հանրային կապերի պատասխանատուներ, որոնց գործառույթները հաճախ հատվում են: Եթե մամուլի քարտուղարն ու PR ստորաբաժանման ղեկավարը համագործակցաբար չեն աշխատում, բախումներն անխուսափելի են: Իսկ եթե հստակ  գործառույթները տարբերակված են, նրանց համատեղ գործունեությունը նպաստում է և՛ ղեկավարի կերպարի ձևավորմանը, և՛ կառույցի:

-Իսկ, օրենքի ընդունումից հետո, երբ  մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնները  համատեղվեն, ինչ եք կարծում, բացասական կամ դրական առումով  ի՞նչ հետևանքներ կլինեն:

-Բացասական է այն առումով, որ  երբ  մասնագետը ստանձնում է և՛ մամուլի քարտուղարի, և՛  հանրային կապերի վարչության պատասխանատուի գործառույթները, խառնաշփոթ է ստացվում: Նախագծում ուրախալին այն է, որ այս ոլորտում աշխատող մարդիկ պետք է լինեն հանրային կապերի  կամ լրագրության բնագավառում երեք տարվա ստաժ ունեցողներ, ինչը շատ կարևոր է: Այսօր այս ոլորտում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ  են աշխատում, ովքեր չեն կարողանում համապատասխան ուղերձը ձևակերպել , էլ ուր մնաց հաղորդակցությունը կառավարել:

-Տիկին Ավետիսյան, իսկ ի՞նչ բացթողում եք նկատում այս հարցում, որով հետագա բախումներ չեն առաջանա:  

-Մեկ բան հստակ է, գերատեսչության տեղեկատվական քաղաքականության, թափանցիկ աշխատելաոճի որդեգրման, հաղորդակցական և կառավարման հմտություններ ունեցող հանրային կապերի պատասխանատուները կարող են միայն նպաստել իրենց կառույցի հեղինակության բարձացմանը և վստահության ձեռքբերմանը: Համագործակցությունը բոլոր ստորաբաժանումերի միջև պետք է ապահովի PR ստորաբաժանումը՝ պատասխանատու լինելով նաև ներքին  PR-ի համար: Եթե ներքին հստակ կանոնակարգ լինի, ապա գործառույթների բախում տեղի չի ունենա, համագործակցային մթնոլորտ կձևավորվի:

-Ինչպե՞ս  կբնորոշեք մեր գերատեսչություններում գործող ներկայիս  մամուլի խոսնակների աշխատաոճը:

-Մամուլի քարտուղարը այնքան հեղինակավոր և լուրջ  մասնագիտական փորձառություն պետք է ունենա, որ  խորհրդատուն լինի տվյալ կերպարի յուրաքանչյուր քայլի համար: Հայաստանում շատ քիչ մամուլի քարտուղարներ կան, ովքեր հեղինակություն են, ովքեր հանդես են գալիս հրապարակային մեկնաբանություններով և հաղորդակցվում են հանրույթի և ԶԼՄ-ների հետ հավուր պատշաճի: Քիչ են այն մամուլի քարտուղարներն ու PR պատասխանատուները, ովքեր իրենց ղեկավարի օրակարգի հիմնական ձևավորողն են՝ ուղերձի, իմիջի, արարողակարգային որոշումների մասնակիցը: Պաշտոնյաներն  իրենք են որոշում` ինչ պետք է անեն մամուլի քարտուղարները, վերջիններս էլ ենթարկվում են ընդունված որոշումներին: Հետևողական աշխատանքն է բացակայում, PR պատասխանատուները միայն ԶԼՄ-ների հետ փոխհարաբերությունների պատասխանատուն են դառնում, բայց PR-ը միայն դա չէ: Սա լուրջ հետազոտություններ, գործողությունների մշակված պլանի, հաղորդակցությունների մշակման և կառավարման անդուլ աշխատանք է պահանջում:

-Հաճախ ԶԼՄ-ներն  օպերատիվ ու ճշգրիտ լրատվություն ստանալու համար առընչվում են նաև հակասությունների, չհամաձայնեցված դեպքերի: Այս դեպքում, քիչ բյուջե, մեկ հաստիք երկուսի փոխարեն.  այս տեսանկյունից  օրենքի նախագիծը չի՞ հեշտացնում գործընթացը:

-Տեղեկատվության փոխանցումն այսպես թե այնպես մեկ խողովակով է անցնում, բայց աշխատանքի ծավալը չի փոքրանում: Հանրույթի համար աշխատող և հանրույթին ծառայություններ մատուցող գերատեսչությունները հանրային կապերի ստորաբաժանումների համար պետք է նախատեսեն մասնագիտացված աշխատակիցներ և ոչ թե կրճատեն, այլ ընդլայնեն դրանք: Եթե ուզում ենք հանրայնացնել, թափանցիկ  դարձնել մեր գերատեսչության աշխատանքը  մեզ ռեսուրսներ են պետք, ընդհակառակը, մենք պետք է ուժեղացնենք այս բաժինները: Հանրային կարծիք ձևավորելու համար մենք պետք է նաև այդ դաշտում կռիվ տանք,  բայց մեկ մասնագետից պահանջում ենք տարբեր գործառույթներ իրականացնել ու տուժում է գործը: Այսօր արդեն սոցիալական մեդիայի, մոնիթորինգի և վերլուծության, հանրային կարծիքի ուսումնասիրության, ԶԼՄ-ների հետ աշխատանքի գործառույթներ իրականացնող մասնագետների ներգրավումը կհանգեցնի հասարակության իրազեկվածության և արագ արձագանքման մեխանիզմի ներդրմանը:

-Որքանո՞վ է, ըստ ձեզ,  խոսնակի պաշտոնում աշխատելու համար առաջնային, օրինակ,  30 տարին անպայման լրացած լինելու հանգամանքը, որը ևս արծարծվում է նախագծում:

-Այստեղ խնդիր է առաջանում, երբ ասվում է կոնկրետ 30 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: Սահմանափակում դնելն այդքան էլ ճիշտ չէ, որ երիտասարդ է` չի՞ կարող աշխատել: Սովորաբար մագիստրատուրա ավարտած ու թարմ ուժերով մասնագետները, ասպիրանտները 25-30 տարեկան են, և նրանք էլ շատ լավ կարող են այս գործառույթն իրականացնել: Թեպետ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երիտասարդը լրատվական դաշտում սկսում է իր աշխատանքը, փորձառություն է ձեռք բերում, կարողանում է ճանաչել լրատավադաշտի նրբություններն ու հնարավորությունները, արդեն դառնում է 30 տարեկան:

-PR  դաշտը սիրում է գույներ, առհասարակ, ի՞նչ երանգով կբնորոշեք մեր երկրում պետական կառույցների այժմյան PR քաղաքականությունը:

-Այն PR մասնագետներից եմ, ով կարծում է, որ PR-ը  մեկ գույն ունի` սպիտակը: Բայց հանրային կապերի ոլորտում դեռ մշուշոտ իրավիճակ է, ոչ բոլոր գերատեսչություններն են կարողանում գրագետ աշխատում հասարակության հետ: Դեռևս մեծ շեշտադրումն ուղղված է արտաքին PR-ին , գերատեսչությունների կողմից անտեսվում է ներքին PR-ը: Հայաստանյան մասնագիտական շրջանակում բացակայում  է PR-ի  մեկ միասնական հայերեն եզրույթ: Մենք սիրում ենք բառերի կույտ լցնել և ստանալ մեկ ձևակերպում, ինչքան հնարավոր է պետք է կարճացնել և բնույթին համապատասխանեցնել տերմինը:  «Public Relations» հայերենում  Հանրային կապեր եզրույթն է : Այս կարծրատիպը կոտրեց ԱԺ համապատասխան ստորաբաժանումը, որը կոչվեց Հանրային կապերի վարչություն՝ հստակ, իր մեջ ամփոփելով և՛  տեղեկատվությունը, և՛  հաղորդակցությունը, և՛  հանրայնացումն ու հրապարակայնացումը:  Առաջարկում եմ, որ այս օրենքի նախագիծը քանի դեռ չեն ընդունել, հասարակայնության հետ կապերը փոխարինեն հանրային կապերով:

Հարցազրույցից դուրս, Աստղիկ Ավետիսյանը  ներկայացրեց նաև  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ամենամյա դարձած հետազոտության ուշագրավ տվյալներ, որոնք առնչվում են նաև պետական գերատեսչություններին:

Մանրամասն`այստեղ:

Հեղ. Նարե Ոսկանյան

Այս թեմայով
am