Մինսկում ձերբակալել են զանգվածային ցույցերի համակարգողներին

Բելառուսի պետական БЕЛТА լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մինսկում ձերբակալել են զանգվածային ցույցերի համակարգողներին: Նրանցից մեկը համախոհների գործողությունները ղեկավարում էր հյուրանոցից:

«Ձերբակալվածներից մեկը «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում սենյակ էր վարձել և բողոքի ակցիաները համակարգում էր այնտեղից»,- նշում է գործակալությունը:

Հաղորդվում է, որ տղամարդը ղեկավարում էր 3 ենթակայի, որոնք էլ իրենց հերթին ղեկավարում էին հարյուրավոր մարդկանց:

Հիշեցնենք՝ Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հերթական բողոքի ակցիաները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Ցուցարարները հավաքվել են քաղաքի տարբեր հատվածներում, արգելապատնեշներ են կառուցել, հրավառ նյութեր նետել իրավապահների ուղղությամբ: Վերջիններս էլ ցուցարարների դեմ կիրառել են լուսաձայնային նռնակներ, կրակել են ռետինե փամփուշտներով, արցունքաբեր գազ արձակել: Կատարվել են զանգվածային ձերբակալություններ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, հատուկջոկատայինները գրոհել են բնակելի շենքերի մուտքերը՝ փնտրելով թաքնված ցուցարարների:

Բելառուսում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզվել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձել է երկրի նախագահ:

Այս թեմայով
am