«1040 մահերի համար պետք է պատասխան տրվի». Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին

«Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հայաստանում մահացել է 1040 քաղաքացի, և այս մահերի համար պետք է պատասխան տրվի: Դուք՝ որպես պարետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս դառը իրողությունը»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով. «Սա ուղիղ գնահատական է Ձեր գործունեությանը»,- նշեց Էնֆիաջյանը:

Տիգրան Ավինյանը ի պատասխան ասաց, թե ՀՀ Կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է եղել իր բոլոր գործողություններում, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման առումով. «Առավել թափանցիկություն, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէր ապահովել: Իսկ համավարակի ամբողջական վերացումից հետո ամբողջական գնահատականները կհնչեցվեն: Ես՝ որպես պարետ պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ և ամբողջ ծավալով: Եվ երբ գա հարցերին պատասխանելու ժամանակը, ես կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանները կտամ»,- ասաց Ավինյանը:

Այս թեմայով
am