«Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պահնորդական ոստիկանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում 

Այո՛, սա այն Չալոն է, որի երեք ձագերին Ամուլսարի պահնորդական ծառայության «շումախերները» ճխլեցին մեքենայի անիվների տակ։ Չալոն Ամուլսարի դիրքերի պաշտպանության առաջին օրից էստեղ է և մեկ օր անգամ դիրքերը չի լքել։

Ակնհայտ է, որ իրավիճակն Ամուլսարում օր օրի էլեկտրականանում է և վախենամ ունենանք անկանխատեսելի զարգացումներ։

Կառավարությունն իր հստակ դիրքորոշումը պիտի հայտնի Ամուլսարի շահագործման հետ կապված և ժամանակ ձգելն այլևս լուրջ ականներ է իր մեջ պարունակում։

Որքան լռի իշխանությունը՝ խնդիրն ավելի է խորանալու։ Կարծում եմ՝ վաղուց արդեն որևէ մեկը չի կասկածում, որ ջերմուկցու, վայոցձորցու համար իր տան, իր երեխաների բնապահպանական անվտանգությունը կյանքի հարց է և էդ պայքարում մի քայլ նահանջ չի լինելու։

Ջերմուկը և ընդհանրապես Հայաստանը, քանզի Ամուլսարի շահագործման դեպքում ուղղակի վտանգի տակ է նաև Սևանի անուշահամ ջրերի ավազանը, չի դառնալու ցիանիդային «բասեին» ու սա պարզ է։

Հրատապ լուծումներ պետք է գտնվեն։ Ես հասկանում եմ, որ կա ներդրումների և երկրի ներդրումային իմիջի խնդիր, ես հասկանում եմ, որ կա միջազգային արբիտրաժի խնդիր։ Չնայած էս հարցում մասնագետների կարծիքները, որոնց հետ խոսել եմ, տարբեր են։ Ոմանք գտնում եմ, որ մենք միանշանակ կարող ենք հաղթել միջազգային արբիտրաժում, մյուսները պնդում են, որ ստիպված ենք լինելու հսկայական գումարներ վճարել։ Որևէ մեկի տեսակետը չեմ վիճարկում։ Պարզապես հիշեցնեմ վարչապետի խոսքերն ԱԺ ամբիոնից՝ «Ասում են՝ վայ «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմում է՝ թող դիմի։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք գզում»։

Միանշանակ համաձայն եմ վարչապետի հետ։ Մենք անպաշտպան չենք։

Մենք իրավունք չունենք Ջերմուկը դարձնել Չեռնոբիլ։ Ու Ամուլսարը հաստատ սար է մնալու։

Հ. Գ. Երեկ ինձ զանգահարել էր Միացյալ Նահանգների մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկը և քննարկում էինք նաև, միջազգային արբիտրաժի դեպքում, համահայկական դրամահավաքի հարցը, եթե, իհարկե, դրա անհարժեշտությունը լինի»։

 

Այս թեմայով
am