Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով, որ Նարեկ Սարգսյանը հետազոտություններն անցնի «Նարիրի» ԲԿ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Արթուր Պիվազյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Նարեկ Սարգսյանին ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել էր Սարգսյանին տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների՝ անհրաժեշտության դեպքում բուժման համար, սակայն, ինչպես ԱՆ-ից հայտնել էին, վերջինս հրաժարվել էր։

«Փաստինֆո»-ն փորձեց փաստաբանից ճշտել, թե ինչու է մեղադրյալը հրաժարվել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց, ինչին ի պատասխան պաշտպան Արթուր Պիվազյանը նշեց, որ միջնորդությունը վերաբերել է «Նաիրի» ԲԿ տեղափոխելուն, իսկ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: 2019 թ. դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

Այս թեմայով
am