ԲՀԿ-ից «թռած» Սերգեյ Բագրատյանը մնացել է իշխանության վերջին հույսը .Սուրեն Սուրենյանց

Իշխանության հուսահատ ճիգը կամ ինչպես է պահպանվում ստրուկների ֆրակցիան

ԲՀԿ-ից «թռած» Սերգեյ Բագրատյանը մնացել է իշխանության վերջին հույսը կամ այն ինֆորմացիոն ռեսուրսը, որի միջոցով հեղափոխության թիմը պայքարում է Գագիկ Ծառուկյանի դեմ։ 
Իշխանության հույսն այն է, որ ԲՀԿ խմբակցությունը քանդվելու է․ այդ ուղղությամբ ինտենսիվ ջանքերը շարունակվում են։ Բայց «Սերգեյ Բագրատյանը» հայհոյանք է դարձել ու որևէ արժանապատիվ մարդ չի ցանկանում կիսել նրա «դափնիները», մանավանդ, որ ԲՀԿ-ում Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիան ավելի ամրապնդվել է։
Իշխանության քարոզչությունը կեղծ պատրանք է ստեղծում, թե իբրև ազատագրում է ԲՀԿ-ի «ստրուկներին»՝ անտաղանդ եղանակով քողարկելով, որ Հայաստանում երբեք չի եղել «Իմ քայլի» պես խմբակցություն, որտեղ բառի իսկական իմաստով ստրկատիրական կարգեր են։
Ծառուկյանն իր որևէ պատգամավորի շանտաժով չի պահում, բայց Նիկոլը սեփական ֆրակցիայի առնվազն 27 պատգամավորի իր կողքին է պահում կոմպրոմատներով ու ԱԱԾ-ի դոսյեներով։ Սևանցի հայտնի պատգամավորը ընդամենը սեփական կարծիք էր արտահայտել՝ զայրացնելով Նիկոլ Փաշինյանին ու իրավապահները գնացին նրա հոր հետևից, ինչի հետևանքով պատգամավորը դարձավ թունդ նիկոլապաշտ՝ պատերի տակ հայհոյելով հեղափոխությանն էլ, նրա առաջնորդին էլ։
«Քայլող» այլ պատգամավորի բախտ էլ չէր բերել, որովհետև ազգական դատավոր ուներ, որին չեկիստական մեթոդներով բռնեցին «գործի» վրա, հետո ապօրինի թույլ տվեցին հատել սահմանը, որովհետև պատգամավորին արդեն տեղը-տեղը «մշակել» էին։
Բա գիտեիք ինչո՞ւ են էն անփորձ ջահելին ԱԱԾ տնօրեն նշանակել, որ չտեսության մոտիվով ցանկացած հանձնարարություն կատարի՝ ընդդիմության ճամբարում դասալիքներ փնտրելով ու Նիկոլի ստրուկների փախուստը կանխելով։
Ու մինչ առաջիկա օրերին հայտնի ՊՈԱԿ-ը «հերոսական արշավանք» կկազմակերպի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի դեմ, ստրկատիրական կապանքներով կաշկանդված «քայլող» պատգամավորները կերազեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության մասին։ Շուտով «Իմ քայլի» պատգամավորները «Սերգեյ Բագրատյան» կլինեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուրացումն ու «քցող» տեսակը դարձրել է այսօրվա Հայաստանի հիմնական բրենդը։ Դե սրած բզի պատմությունը բոլորս գիտենք․․․

Սուրեն Սուրենյանց 

Այս թեմայով
am