«Ձեր քաղաքական անբարոյական քայլը ոչ մի արդարացում չունի». Աշոտ Անդրեասյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերգեյ Բագրատյանը մի քանի օր առաջ հայտարարեց իր անկախ պատգամավոր դառնալու մասին լուրը, իսկ այսօր արդեն, մի քանի օր անհետացած լինելուց հետո ուժ գտավ իր մեջ և խոսեց:
Դավաճանությունը կլինի քաղաքական, թե՝ այլ, չունի ներում։
Պարո՛ն Բագրատյան, լինելով Ձեզ հետ նույն քաղաքական թիմից, որպես ավագ կուսակից ընկեր, իմ հարգանքը Ձեր հանդեպ եղել է շատ մեծ։
Այդ հարգանքը այլևս չկա, այդ հարգանքը հավասարվել է զրոյի, քանի որ Ձեր քաղաքական անբարոյական քայլը ոչ մի արդարացում չունի։
Մեր համատեղ զրույցների և քննարկումների ժամանակ Դուք անձամբ եք խոստովանել, որ խորհրդարանական ընտրություններին հանձն եք առել ստանալ ժողովրդի վստահության 7000 քվե։
Ըստ օդում կախված լուրերի՝ դուք ասել եք. «Անբարոյականի վաստակ լինեմ, թե մանդատս չդնեմ, եթե այդքան ձայն չտան ինձ»:
Կյանքը ցույց տվեց, որ դուք պարտվել եք ռեյտինգային ընտրակարգում՝ ստանալով ժողովրդի վստահության ընդամենը 1000 քվե։
Հետևությունները թողնում եմ Ձեզ, թե Դուք ինչ եք ասել և ինչ եք արել, սակայն չեմ կարող չանդրադառնալ Ձեր քաղաքական անբարոյական պահվածքին։
Բազմիցս խմբակցության նիստերի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հորդորել է Ձեզ ժողովրդից թալանած գումարը տանել և տալ հետ, որպեսզի հետագայում չկանգնեք քրեական պատասխանատվության առաջ, ԲՀԿ պատգամավորներն էլ մի մարդու նման պատրաստակամություն են հայտնել ցանկացած դժվար պահի լինել Ձեր կողքին։
Ի՞նչ արեցիք դուք։ Ցածր դասելով թե՛ կուսակիցներին, թե՛ Ձեր բարոյականությունը՝ համաձայնության եկաք իշխանականների հետ դառնալու անկախ պատգամավոր, որպեսզի չդնեք Ձեր մանդատը և պատասխան չտաք օրենքի առաջ ժողովրդից թալանած գումարների համար։
Դուք հիմա հպարտ և խրոխտ խոսում եք, որ ԲՀԿ-ի և Ձեր գաղափարները եղել են տարբեր և որ իրավունք ունեք ժողովրդին ներկայացնել խորհրդարանում։
Իրականում, առաջին մասով ճիշտ եք, քանի որ մեր և ձեր գաղափարները տարբեր են, ԲՀԿ-ում դավաճանները տեղ չունեն, ԲՀԿ-ում մանդատը ինքնասիրությունից վեր դասողները տեղ չունեն, ԲՀԿ-ում ժողովրդին թալանողները տեղ չունեն, իսկ ժողովրդի մասով չարաչար սխալվում եք, քանի որ Ձեզ ժողովուրդը խորհրդարան չի բերել և Դուք պարտվել եք։ Դուք պետք է դնեք Ձեր մանդատը և պատասխանատվություն կրեք ժողովրդի և օրենքի առաջ։
Ցավով եմ նշում այսքանը, սակայն Ձեր ոչ մի քայլ բարոյականության հետ չունի ոչ մի աղերս։

Ետդարձի ճամփա չունեք, գոնե այս պահից օգտվեք բարոյական ճանապարհով շարժվելու Ձեր հնարավորությունից։Լավ է ուշ, քան՝ երբեք»:

Այս թեմայով
am