Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված քրգործը, որով անցնում էր Վանեցյանը, կարճվել է. Փաստաբան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ֆեյսբուքյան տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել՝ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Եթե մասնակիցների ցանկը նկատի ունենանք, հայտարարության բնույթից ելնելով, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ: Որովհետև պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել:
Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որ կարող էր հնարավոր մեղադրանքը նրան առաջադրվեր: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է», - հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Հիշեցնենք նաև՝ մայիսի 2-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում Միքայել Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել հայաստանյան հիմնադրամներից մեկին, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

Այս թեմայով
am