Նիկոլ Փաշինյանը գործի է դրել իր «ծանր հրետանի»-ներից մեկը

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց շրջակա միջավայրի նախարար: Նշանակումն ինքնին անակնկալ համարել չի կարելի:

Սակայն ուշագրավ է, որ այս պարագայում գործ ունենք այն քիչ դեպքերից մեկի հետ, երբ նշանակումը, ըստ սոցցանցերում առկա տրամադրությունների, հիմնականում դրական է ընդունվել հանրության տարբեր շերտերի կողմից:

Ավելին, նույնիսկ թիմի ներսում առանձնապես խանդով չի ընդունվել այս որոշումը, թեպետ, ըստ մեր աղբյուրների, քիչ չեն եղել մարդիկ, որոնք առնվազն իրենք իրենց պատկերացրել են այդ պաշտոնում: Իշխանության կուլիսներում խոսում են, որ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետի ամենավստահելի կադրերից է:

Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, փաստացի Նիկոլ Փաշինյանն իր «ծանր հրետանի»-ներից մեկին ուղարկել է չափազանց պատասխանատու ոլորտ, ինչը պատահական չէ, քանզի այսօր բնապահպանական այնպիսի խնդիրներ են կուտակվել, որոնց լուծում տալու համար անհրաժեշտ է ոչ միայն աշխատող, մինչեւ վերջ գործին նվիրվող, այլեւ լիարժեք հավատարիմ անձնավորություն:

Հենց միայն Ամուլսարի հետ կապված վերջնական հստակեցումներ անելու եւ լուծումներ գտնելու հարցն ինքնին բավականին խնդրահարույց է:

Սրան գումարած՝ Սեւանի խնդիրը, հանքարդյունաբերության հետ կապված հարցերը եւ այլն, որոնց առումով բնապահպաններն անընդհատ ահազանգեր են հնչեցնում:

Ոլորտի փորձագետները «Փաստի» հետ զրույցում հույս էին հայտնում, որ նոր նախարարը չի առաջնորդվի «մենք ճիշտ ենք, մյուսները՝ սխալ» սկզբունքով, կլսի մասնագետների կարծիքը, եւ հնարավոր կլինի համատեղ ջանքերով լուծում տալ կուտակված խնդիրներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am