Մինսկում տեղի ունեցած բողոքի ակցիաներն արտերկրից են կազմակերպվել. Բելառուսի ՆԳ փոխնախարար

Միսնկում անցկացված բողոքի ակցիաները սոցիալական ցանցերի միջոցով արտերկրից են կազմակերպվել, հայտարարել է Բելառուսի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեննադի Կազակևիչը:

«Բոլոր այն չթույլատրված հասարակական-քաղաքական միջոցառումները, որոնք անցկացվել են հունիսին և հուլիսին, սոցիալական ցանցերի միջոցով մի քանի ժամվա ընթացքում կազմակերպվել են արտերկրից: Հետագայում այդ ամենը վերահսկողության տակ է վերցվել, և մենք ստիպված ենք եղել ադեկվատ արձագանքել իրավիճակին»,- նշել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ նպատակը հաջորդական քայլերի միջոցով բողոք արտահայտող զանգված ձևավորելն ու իրավիճակը վերահսկողությունից դուրս բերելն է եղել:

«Այս դեպքում վտանգ ներկայացնում են ոչ թե սոցիալական ցանցերն, այլ այն մարդիկ, որոնք կանգնած են դրանց ետևում, ձևավորում, կազմակերպում և արհեստականորեն ուղղորդում են բողոք արտահայտող այդ զանգվածն ու սոցիալ-քաղաքական լարվածություն ձևավորում, որն, իրականում, գոյություն չունի»,- շեշտել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, հավելի քան 250 ցուցարար ձերբակալվել էր: Պատճառն այն էր, որ երկրի ԿԸՀ-ն որոշում էր կայացրել օգոստոսի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու չգրանցել «Բելգազպրոմ» բանկի նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոյին, որը կալանավորված է, և «Բարձր տեխնոլոգիաների պարկի» աշխատակազմի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին:

Սպասվող ընտրությունների գլխավոր ֆավորիտը Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, որն իր թեկնածությունն այս պաշտոնում 6-րդ անգամ է առաջադրել:

Այս թեմայով
am