Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել.ՀԺ

Հուլիսի 8-ի առավոտյան Գորայք գյուղին հարակից հատված մեկնած և չվերադարձած Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ 30-ամյա Նարեկ Սարդարյանը մինչ այս պահը չի գտնվել:

Այս ուշ ժամին էլ նրա որոնողական աշխատանքները շարունակվում են: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Տարածքը, որտեղ արոտներ են, մարդիկ անասուններին են պահում, սահմանակից է ադրբեջանական դիրքերին, սակայն որևէ մեկն, ըստ համայնքապետի, այս պահին չի կարող ասել՝ տղան սահմանի այն կողմն է անցել, թե այլ դեպք է պատահել: «Ինքն իր անասունների մոտ է գնացել, էդ հատվածում ֆերմա ունի, էդտեղ է գնացել: Հիմա էս եղանակին շատերն են էնտեղ կենդանիներին պահում: Դե, ինքն էլ, էլի»,- ասաց Առուշանյանը:

Նարեկն, ըստ համայնքապետի, լուրջ ու հավասարակշիռ երիտասարդ է, ընտանեկան խնդիրներ չունեցող:  «Էդ մեկը հաստատ եմ ասում, իրեն որպես գյուղի երիտասարդի ճանաչում եմ: Նորմալ,  աշխատող, կայացած տղա է: Հանգիստ բնավորությամբ, չի եղել, որ ինչ-որ մի վատ բանի մեջ խառնված լինի, ոչ մի քայլ չի արել, որ ասենք ինքն իրեն վնաս տված լինի ինչ-որ անգամ: Հիմա թե ինչ կա, ես չգիտեմ: Բայց որ մի բան իմանամ, անպայման կիրազեկեմ»,- ասաց Գորիսի համայնքապետը:

Այս թեմայով
am