Առաջիկայում կարևորագույն հարցերի վերաբերյալ հարցազրույց կունենամ․ Ռոբերտ Քոչարյան

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի, քան 70 համախոհների և աջակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքից։

Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլն:

Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են ​անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության և օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձևաչափով ​մեկժամյա ​հանդիպմանը ​Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:

Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձևաչափով:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաև առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել։

Այս թեմայով
am