Արտակարգ դրության երկարաձգումը քաղաքական մոտիվացիա ունի. Արթուր Խաչատրյան

Պարտադիր չէ արտակարգ դրություն սահմանել, որ մարդկանց պարտադրեն դիմակ դնել: Որևէ արտակարգ քայլ չենք տեսնում, միայն դիմակ դնելու պարտադրանքն է, ինչը շատ քիչ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հնարավոր երկարաձգմանը:

«Արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն նվազում, մնացել են այնպես, ինչպես կային, և պատճառն այն է, որ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում, որ համավարակի դեմ արդյունավետ պայքարի: Ժամը 10-12-ը տարեցների՝ խանութից օգտվելը ևս կարող էին կազմակերպել՝ առանց արտակարգ դրության: Միայն դիմակ դնելու պարտադրանքը շատ քիչ է, պետք է կարողանան մշակել նոր նորմալի կանոնները: Համավարակի դեմ պայքարելուն զուգընթաց՝ կազմակերպեն արդյունաբերությունը, հանրային ծառայությունները, մշակույթը, կրթությունը»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց՝ քանի որ համավարակի տեմպերը ցույց են տալիս, որ միայն դիմակ դնելու պարտադրանքը բացարձակապես արդյունավետ չէ, հետևաբար արտակարգ դրությունը երկարաձգելու մոտիվացիան պետք է այլ տեղ փնտրել:

«Ակներևաբար քաղաքական մոտիվացիա է, որ ժողովուրդը չկարողանա իր դժգոհություններն արտահայտել, քանի որ արտակարգ դրությունն իրենից որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի մեկ հոգանոց ակցիան, որը հանրային առողջության տեսանկյունից որևէ վտանգ չէր ներկայացնում, կանխվեց՝ նրան բերման ենթարկելով»,-նշեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ համավարակի, արտակարգ դրության պայմաններում իշխանությունները շատ արագ, արտահերթ նիստերի ռեժիմով կարևոր, կենսական նշանակության փոփոխություններ իրականացրին՝ առանց հանրային լայն քննարկումների:

«Արտակարգ դրության պայմաններում արագորեն որոշակի կարևոր օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան՝ Սահմանադրության փոփոխություն, Լանզարոտեի կոնվենցիայի ընդունում, գույքահարկի փոփոխությունները: Պետք էր հանրային լայն քննարկումներ կազմակերպել, հետո միայն որոշում կայացնել: Օրինակ՝ գույքահարկի բարձրացումը հերթական անգամ սոցիալական բևեռացման է տանելու, իսկ մեր տնտեսության խոցելիությունը բևեռացումն է, ոչ ներառականությունը»,-ասաց նա:

Նա ընդգծեց՝ պետք էր դեռ մարտ ամսից ուժեղ կարանտինային ռեժիմ հաստատել, որ վարակը չտարածվեր: «Բազմաթիվ փորձագետներ, տնտեսագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, քաղաքական ուժեր կոչ էին անում խիստ կարանտին ռեժիմ սահմանել, չարեցին, այժմ այդ սխալն ուղղել չենք կարող: Այժմ արդեն պետք է կարողանալ սահմանել նոր նորմալի պայմաններն ու ապահովել դրանց իրականացումը: Մեզ մոտ և՛ տնտեսությանը վնաս հասցրին, և՛ համավարակի տարածումը չկարողացան կանխել»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Այս թեմայով
am