Եթե «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ կար, կային նաև հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել այն

Մենք ակնկալում ենք, որ այդ հարցը կվերանայվի և «Եկեղեցու պատմություն» առարկան մեր դպրոցներում կդասավանդվի. Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Առարկան շատ կարևոր է ազգային ինքնության, հոգևոր բարոյական կրթության, անձի ինքնահաստատման, ազգային արժեքները ճանաչելու, ապրելու և բարոյական կերպար կերտելու գործում: Այս առումով մեր ցանկությունն է, որ առարկան մնա և դասավանվդի»:

Տեր Եսայի Արթենյանն ընդգծում է, որ առարկան դպրոցներում դարձել է սիրելի առարկաներից մեկը, հնարավոր է որոշակի բովանդակային շտկումների կարիք լիներ, սակայն առարկան կարևոր առաքելության ունի՝ երեխաների մեջ ձևավորելու ազգային ինքնության գիտակցումը:

Դիտարկմանը, որ առարկայի վերաբերյալ հակասական կարծիքներ կան, որոշ ծնողներ դեմ էին արտահայտվել, որ երեխաները դպրոցում կարող են «Հայր մեր» աղոթքը սովորել և դասի ընթացքում աղոթել, քահանան նշեց, որ դասաժամին երբեք աղոթքը պարտադրված չի եղել, սակայն որևէ սարսափելի կամ դատապարտելի բան չկա նրանում, երբ մարդը «Տերունական» աղոթք է անում: Եթե ծնողը կամ երեխան դեմ են՝ կարող են չաղոթել, աղոթքը պարտադրված չէ»:

Հարցին, թե առարկայի ինտեգրումը այլ առարկայում հնարավո՞ր է ծնողների որոշ մասի հակասական կարծիքների պատճառով է, թե այլ միտում է տեսնում, Տեր Եսայի Արթենյանը պատասխանեց.
«Հստակ չեմ կարող ասել, ուզում եմ հավատալ, որ փորձում են լավագույն ճանապարհը ընտրել եկեղեցու առարկան բովանդակային մատուցելու առումով: Սակայն այդ ձևակերպումները և մոտեցումները տարակուսելի է, եթե արդեն կար առարկան դպրոցում դասավանդելու 15 տարվա ավանդույթ, կային ձևավորված ավանդույթներ, ակնկալիքեր և հստակ արդյունքներ, ինչո՞ւ վերանայել և ձևափորել»:

Նա նշեց, որ առարկայի մեջ ներկայացված է ոչ միայն հայ եկեղեցու պատմության, այլև այլ կրոնների և եկեղեցու պատմության մասին տեղեկություններ, բնականաբար, ոչ այնքան ծավալով, ինչպես որ ներկայացված է հայ եկեղեցու պատմությունն:

«Առարկայում կան տեղեկություններ կրոնական տարբեր ուղղություների և քրիստոնեկան տարբեր եկեղեցիների մասին: Ներառված է նաև հայ եկեղեցու պատմություն առարկան, քանի որ հայաստանաբնակ երեխաների մեծ մասը հայ եկեղեցու զավակներ են, այդտեղ ի՞նչ խնդիր կարող է լինել»:

Հարցին, թե կարծիքներ են հնչում, որ առարկան կարող է ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ, Տեր Եսայի Արթենյանը, նշեց, որ կրթության ոլորտի մասնագետներն ավելի հստակ կձևակերպեն ինչպե՞ս են պատրաստվում առարկան մեկ այլ առարկայի մեջ ներառել, սակայն հարցն այն է, թե գործնականում որքանո՞վ է դա հնարավոր. «Հայ եկեղեցու պատմությունը չի կարելի նույնականացնել հայ ժողովրդի պատմության առարկայի բովանդակության հետ: Այն պարզ պատճառով, որ որքան էլ հայ եկեղեցու պատմությունը և ժողովրդի պատմությունը միահյուսված և անբաժան են, սակայն առարկայի բովանդակային դասավանդման առումով խնդիրները տարբեր են»:

Արթենյանը նշեց, որ Մայր Աթոռ եկեղեցին և եկեղեցի-պետություն հանձնախումբը խնդրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս կանեն, հատկապես երբ եկեղեցին վաղուց է հայտնել իր վերաբերմունքն առարկայի վերաբերյալ:

Այս թեմայով
am