Վստահ եմ՝ գաղտնալսել են, թող հրապարակեն, որ չենք ուղղորդել՝ գալ ԱԱԾ. ավագանու ԲՀԿ անդամները կանչվել են հարցաքննության

Հունիսի 14-ին ԱԱԾ-ի դիմաց հավաք անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության են կանչվել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը, Միքայել Մանրիկյանը եւ Արմեն Ներսիսյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարկոս Հարությունյանը։

«Կանչվել եմ հարցաքննության, քննիչի կողմից այնպիսի հարցեր էին տրվում, որ հասկանան՝ ԱԱԾ-ի դիմաց հանրահավաքի կազմակերպիչն ով է։ Ես ասել եմ, որ կազմակերպիչ գոյություն չունի, կազմակերպիչը դուք էիք։ Ասել է՝ ո՞նց, ասացի՝ ես մենակ էի եկել այդտեղ, ինձ բերման ենթարկեցիք Արաբկիրի բաժին, 100-ից ավելի իմ համակիրներ եկան ու միացան ինձ Աջափնյակից։ Բաժանմունքի դիմաց տեսախցիկներ կան, կարող են նայել, որ ինձ բերման են ենթարկում, հետո կամաց-կամաց 3 ժամվա մեջ մարդիկ են հավաքվում։ Եթե իրականում հավաքվելն էր խնդիրը, բա ինչո՞ւ այդ 100 հոգուն բերման չենթարկեցին, որ հենց ԱԱԾ-ի դիմացից էին բերման ենթարկում»,- ասաց ավագանու անդամը։

Մարկոս Հարությունյանն ասաց, որ վստահ է՝ իրեն գաղտնալսում են. «Ի՞նչ պետք է լսեն՝ ընկերներիս հետ ի՞նչ եմ քննարկում։ Ես ուրախ կլինեմ, որ լսեն, իրենց համար էլ պարզ կլինի, թե այդ օրը քանի հազար հոգի է ինձ զանգահարել, ասել է՝ ինչ ենք անում, ես ասել եմ՝ ժողովուրդ, երկրում արտակարգ դրություն է, ոչինչ չենք անում, հանգիստ նստեք տեղներդ, ոչինչ մի արեք, հիվանդությունը տարածված է։ Եթե այդքան անկեղծ են ժողովրդի հետ, թող դրանք էլ հրապարակեն, ես վստահ եմ, որ լսել եմ հեռախոսս, թող հըապարակեն, որ մենք մի մարդու չենք ուղղորդել, որ գան ԱԱԾ»։

Նա ասաց, որ հարցաքննության կանչվել է մեկ անգամ, եւ վստահ է, որ էլ չեն կանչի. «Որովհետեւ ես իմ իրավունքները լավ գիտեի, այդ մարդիկ հասկացան, որ ինձ հետ անիմաստ է։ Եթե ինչ-որ մեկը կլինի, որ ցուցմունք կտա, որ Հարությունյան Մարկոսն է իրեն հորդորել, կազմակերպել, որ նա գա այդտեղ, ապա ես պատրաստ եմ ամենավերջին ձեւով պատիժս կրել»։

Հարությունյանը պատմեց, որ ԱԱԾ-ի դիմացից իր հետ բերման են ենթարկել նաեւ մի քաղաքացու, որը կապ չուներ այդ հավաքի հետ. «Ինձ հետ բերման ենթարկված անձ կար, որ ԱԱԾ-ի դիմացի շենքում էր ապրում, իջել էր խանութից իրեն ծխախոտ առներ, բերման էին ենթարկել, այնքան չհավատացին իր ասածին, այդ մարդը ստիպված ասեց՝ դե որ այդպես է, ես Գագիկ Ծառուկյանի համակիրն եմ դառնում այսօրվանից, դե թող Գագիկ Ծառուկյանի համար պայքարեմ»։

Մարկոս Հարությունյանը պատմեց, որ հունիսի 16-ին իր տանը եւ աշխատասենյակում ոստիկանները խուզարկություն են իրականացրել. «Ես տանը չեմ եղել, տանեցիները զանգել, ասել են, որ ոստիկանները հիմա մեր տանն են։ 1 ժամ հետո իմացել եմ, որ արդեն իմ գրասենյակս են քրքրում, բոլոր թղթերը տարել են։ Դեպքը պատահել է Ազգային ժողովում պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օրը՝ առավոտյան ժամը 7։00-ին։ Տանեցիները զանգեցին, ասացի՝ ինչ կուզեն տվեք, ինչ կուզոն անել, թողեք։ Մեր տունն էլ վերանորոգման մեջ էր, շատ բան էլ չկար նայելու։ Ինչ են նայել՝ չգիտեմ։ Հետո գնացել են գրասենյակ, ցանկացել են դուռը բացել, ասել են՝ դա գրասենյակ է, հիմա կմոտենան, կբացեն, ինչո՞ւ եք ջարդում, հո գոմի դուռ չի»։

Ավագանու անդամը նշեց, որ փաստաթղթեր են տարել, որոնք ոստիկանները չեն արձանագրել. «Մոտեցել, բացել են, իրենց ինչ պետք է եղել՝ վերցրել են, ոչ մի բան չեն արձանագրել՝ ինչ են վերցնում։ Դա է իմ մտավախությունը, որովհետեւ 68-ից ավելի պապկա են տարել, կոնկրետ չեն նշել՝ պապկաների մեջ ինչ թղթեր են։ Հիմա որ վաղը ռեստորանի հաշիվներ, մորքուրի ցուցակի պարտքեր կամ այլ բաներ հայտնվեն։ Այդ ցուցակները ամբողջովին բացվել են իմ կողմից, երբ ես ստանձնել եմ գրասենյակի ղեկավարի պարտականությունները, ծանոթացել եմ այն մարդկանց գործերի հետ, ովքեր կուսակցության անդամներն են, 8800 մարդուց ավել կուսակցական ունենք, այդ մարդկանց թղթապանակներն է եղել միայն այդ պապականերւ մեջ դրված։ Մեկ էլ տարել են մարտից մայիս բարեգործական հիմնադրամի բաժանած օգնությունից օգտված Աջափնյակում 1500 ընտանիքների ցուցակները»։

 

Այս թեմայով
am