Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար կհատկացվի 60 միլիոն դրամ

Արայիկ Հարությունյանն առաջարկեց 1.9 միլիարդ դրամ հատկացնել կապիտալ ծախսերի

Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց վերաբաշխում կատարել նախարարության բյուջեում և ավելի քան 1.9 միլիարդ դրամ հատկացնել կապիտալ տարբեր ծախսերի:

«Սույն նախագծով առաջարկվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման աշխատանքների համար: 4 ավագ դպրոցի մասնակի և ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական և միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի վերակառուցում, մեկ թանգարանում կիրականացվեն աշխատանքներ, մասնավորապես՝ «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման և հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ»,- նշեց նախարարը:

Թատրոններն անմասն չեն մնա. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատունը կվերանորոգվի, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շինարարական տարբեր աշխատանքներ կիրականացվեն: Նախագծման 5 աշխատանքներ կիրականացվեն, որոնք մշակույթի ոլորտին են վերաբերում:

Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստումը և տեղադրումն իրականացնելու համար էլ 60 միլիոն դրամ կհատկացվի Երևանի քաղաքապետարանին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Այս թեմայով
am