Հավելյալ հետազոտությունների շնորհիվ բանակ են գնում բացառապես առողջ նորակոչիկները

Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները, բացի COVID-19-ի իմունոֆերմենտային եղանակով լաբորատոր հետազոտությունից և համապատասխան բուժզննությունից, ինչպես նախկինում, հիմա էլ պարտադիր անցնում են թոքերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է.

«Սա հնարավորություն է տալիս հայտնաբերելու թոքերում հնարավոր ախտաբանական անգամ աննշան փոփոխությունները վաղ փուլում և կորոնավիրուսային թեստավորման շրջանակներում ևս մեկ կարևոր կանխարգելիչ միջոցառում է։

Թոքերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտության ընթացքում ի հայտ եկած անգամ չնչին կասկածի դեպքում զինակոչիկը ստուգվում է ռենտգեն սկանավորման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ hամակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման մեթոդով։

Զորակոչի երկու ամիսների ընթացքում կենտրոնական հավաքակայանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն կանցնեն և կթեստավորվեն հազարավոր զորակոչիկներ։

COVID-19 հակամարմինների հայտնաբերման դեպքում զորակոչիկը կթեստավորվի նաև ՊՇՌ մեթոդով՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ՌԴ-ից ՀՀ տեղափոխված կորոնավիրուսային վարակի ախտորոշման շարժական լաբորատորիայում։

Բազմաշերտ հետազոտությունը հնարավորություն է տալիս, որպեսզի բանակ զորակոչվեն կասկածելի ախտանշաններ չունեցող և բացառապես առողջ նորակոչիկներ»:

Այս թեմայով
am