Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի 2021-ի սկզբին. նախարար

Այսօր ՀՀ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե պատվաստանյութի ստեղծման վերաբերյալ ի՞նչ նորություններ կան, եւ ի՞նչ են անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։

«Պարո՛ն վարչապետ, իրավիճակը հետեւյալն է. աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութ կա, որ հավակնում է դառնալ վերջնական արդյունք։ Դրանցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնա։ Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո՝ մոտ 100, հետո՝ տասնյակ հազարների։ Առաջին եւ երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր եւ լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը։ Սա շատ կարեւոր է ընդհանուր մեր երկրագնդի ազբագնակչության համար, որովհետեւ նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբեւէ պատվաստանյութ չէր ստեղծվել, քանի որ այն այդքան վտանգավոր չէր համարվում»,- ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ 2 ուղղություններով բանակցություններ են վարում. «Առաջինը դա ուղիղ արտադրողներն են։ Ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում։ Օրինակ՝ երեկ խոսել եմ «Մոդերնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, այդ ընկերությունը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է։ Ինչպես նաեւ բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի եւ Յունիսեֆի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար՝ մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, եւ մյուս երկրներին այն հասանելի լինի շատ ուշ։ Օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 2020 թվականի վերջին, մեկ այլ խմբի այն հասնի 2022 թվականին»։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է այդ բանակցությունները վարել հենց այսօր։ Թորոսյանն ընդգծեց՝ տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի երկրներին մատակարարելու 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին. «Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է եւ փոխելու է ամբողջ վիճակը, ու մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների, առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է»։

Արձագանքելով վարչապետն ասաց, որ այս լուրի ֆոնին պետք է առավել խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը, որպեսզի մարդկանց չդատապարտեն մահվան. «Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից։ Եթե շատ կոպիտ ձեւակերպենք երեկ արձանագրված 590 դեպքերը, նշանակում է, որ 11 մարդ այդ օրվա վիճակագրության բերումով մահանալու է։ Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու, բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, իր ընտանիքի անդամը չի լինի։ Մեր կանոնները պարզ են. կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ ախտահանել ձեռքերը»։

Այս թեմայով
am