Գագիկ Ծառուկյանի մոտ թոքաբորբի նշաններ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Պաշտպանական կողմի բողոքը վերաբերում է հիմնավոր կասկածին, մենք գտնում ենք, որ որեւէ ապացույց չկա ներկայացված դատարանին, որը կհիմնավորի, որ պարոն Ծառուկյանը նույնիսկ առնչություն ունի այդ գործի հետ։ Նաեւ վարույթի օրինականության վերաբերյալ է, որ ի սկզբանե մենք պնդում էինք ու հիմա էլ ենք պնդում, որ այդ քրեական գործը չպետք է քննվի ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ՝ ՀՔԾ-ում։ Այդ հանգամանքներին առաջին ատյանի դատարանն անդրադարձ չի կատարել, որի կապակցությամբ մենք էլ ենք բողոքարկել դատական ակտը»,- ասաց Խաչատրյանը։

Պաշտպանին հարցրինք՝ այն հանգամանքը, որ Ծառուկյանը վարակված է եւ բուժում է ստանում, կարո՞ղ է ազդել բողոքների քննության վրա։ «Ամեն դեպքում՝ բացի այն հանգամանքը, որ առաջին ատյանն արձանագրել է, որ կալանավորման որեւէ հիմք գոյություն չունի, նաեւ անդրադարձել է այդ հարցին, որ անձը 63 տարեկան է, մոտ ապագայում կլինի 64 տարեկան, եւ այդ պարագայում նա գտնվում է ռիսկային խմբում, իսկ Եվրոպայի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցով այդ հարցի կապակցությամբ շատ հստակ արձանագրումներ են կատարվել։

Այս պահին վարակված լինելն արդեն իսկ խոսում է դրա մասին, իմիջիայլոց՝ այնպես չէ, որ ասիմպտոմ է վարակը․ ջերմություն ունի, թոքաբորբի նշաններ ունի։ Ամեն դեպքում, վաղը մենք ներկայանալու ենք դատական նիստին եւ փորձելու ենք շարունակել նիստը, որպեսզի որեւէ մեկին տեղիք չտանք խոսելու։ Համացանցով շատ են շահարկում, թե, իբր, այդ հանգամանքն օգտագործվում է չկալանավորվելու համար։ Մենք բոլորին հակառակը կապացուցենք, իսկ մնացածը դատարանը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դատական նիստը շարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք ներկայանալու ենք եւ կներկայացնենք մեր կողմից կազմված բողոքները»,- պատասխանեց պաշտպանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am