Միջազգային հանրությունը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցում կարող են ոչ ստանդարտ քայլերի, ոչ համարժեք զիջումների գնալ. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ հունիսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո, ինչպես ակնկալվում էր, յուրաքանչյուր կողմը այդ մասին հաղորդագրություն տարածեց՝ շեշտելով իր համար կարևոր մանրամասներ: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ մինչ հանդիպումն էլ տեղի ունեցավ մի բան, որը կարծես առանձնապես ուշադրության չարժանացավ և չմեկնաբանվեց. խոսքը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որի ժամանակ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Ցավոք սրտի, այս հեռախոսազրույցի վերաբերյալ շատ տեղեկություն չունենք, չգիտենք, թե զանգի նախաձեռնությունը որ կողմից է եղել: Պետք է նկատել, որ նման զանգ տեղի չի ունեցել գոնե Ադրբեջանի հետ հանդիպումից առաջ»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանը, անդրադառալով նորից արտգործախարարների հանդիպման վերաբերյալ եղած հաղորդագրություններին, նկատեց, որ մինչ հանդիպումը եղած հաղորդագրություններն էլ երկու կողմերի մոտ տարբեր են եղել. հայկական կողմը փորձում էր ցույց տալ, որ բանակցությունների միջավայրն այդքան էլ նպաստավոր չէ, իսկ Ադրբեջանը փորձում էր իրեն ներկայացնել որպես կառուցողական կողմ, որ հայկական կողմն է ոչ կառուցողական, որ ինքը պատրաստ է բանակցությունների, և կբանակցի այնքան, որքան հնարավոր է:

Պատասխանելով դիտարկմանը, թե ի վերջո իր տպավորությամբ հիմա բանակցություններ կա՞ն, թե՝ ոչ, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս երկու տարիների ընթացքում տարբեր են եղել հայտարարությունները բանակցություններ լինելու և չլինելու վերաբերյալ: «Իշխանությունները խուսափել են բանակցություններ բառն օգտագործելուց, դրանք անվանել են հանդիպումներ, կոնսուլտացիաներ և այլն, նաև փորձել են խուսափել «Արցախի Հանրապետության իշխանություններ» տերմինի օգտագործումից: Խոսք է եղել, որ բանակցություններում չկա փաստաթուղթ, հետո ասվել է, որ այն չի բանակցվում, պարզապես փաստաթուղթ է, որի շուրջ քննարկումներ են եղել: Ասվում էր, որ փուլային լուծում չկա սեղանին դրված, բայց պարզվեց՝ կա: Այնպես որ այդ առումով՝  հակասությունները շատ են. տեղեկատվական դաշտը չափազանց տարբեր է: Եթե մենք առաջնորդվենք բացառապես  պաշտոնական հաղորդագրություններով, մի բան կստանանք, բայց լրիվ այլ պատկեր կստանանք, երբ հետևենք այլ աղբյուրների ասածին, օրինակ, ՌԴ արգործնախարարի հայտարարություններին»,- նշեց նա:

Անդրադառնալով հայկական կողմի հաղորդագրության մեջ շեշտադրված մտքին, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը չի նպաստում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, միջազգայնագետը նկատեց, որ բոլորի համար ակնհայտ է, թե շփման գծի ամբողջ երկայնքով որ կողմն է պրովոկացիաների դիմում, բոլորը հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց կարծես թե ոչ ոքի ձեռնտու չէ այսօր այդ մասին խոսել:

Այդպես, ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հնարավորինս անկողմնակալ դիրքորոշում ընտրել, չլինել գործընթացի դատավորը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ունի իր հետախուզական հնարավորությունները և կարող է հասկանալ, թե հրադարարի ռեժիմը ով ինչ պարբերականությամբ է խախտել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այս երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները, ունենալով այդքան ինտենսիվ հանդիպումներ ադրբեջանական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կարողացե՞լ են հետևողական լինել իրենց կողմից հայտարարած ցանկությունների իրականացմանը, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ, օրինակ Արցախը բանակցային կողմ դարձնելու գործընթացն ամբողջությամբ տապալվեց: Դրա իրականացումը շատ տրամաբանական կլիներ, բայց իշխանությունները չկարողացան դրան հասնել, և կարծում եմ՝ մոտ էլ չենք դրան:

Ասեմ ավելին, այդ գործընթացից ոչ միայն պարտված դուրս եկանք, այլ նաև լեգիտիմացրեցինք, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին, որի ղեկավարը հիմա պատգամավոր է և հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների դեսպանների հետ, պետական այլ պաշտոնյաների հետ: Պետք է նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ համանախագահ երկիր Հայաստանում չի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ»,- ասաց նա:

Մեկ այլ դիտարկմանը, թե այդ դեպքում ինչի՞ համար են այդքան ինտենսիվ հանդիպումները, ի՞նչ սպասել արտգործնախարարների՝ հուլիսին սպասվող հանդիպումից, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Տպավորությունս այնպիսին է, որ միջազգային հանրությունը և այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ ՀՀ իշխանությունները  Արցախի հարցում կարող են ոչ պոպուլյար քայլերի գնալ: Այդ մասին բացեիբաց խոսել են, ակնարկել են: Միացյալ Նահանգների նախագահը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, նշել էր, որ ակնկալում է, որ նա ԼՂ հիմնահարցում ոչ ստանդարտ քայլերի կգնա, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում ոչ պոպուլյար քայլերի գնալը նշանակում է ոչ համարժեք զիջումներ>,- ասաց նա:

Այս թեմայով
am