ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Այսօր դրանք հերթական անգամ Էրեբունի վարչական շրջանում էին։ «Խոշորացույցի» տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկները, գեղեցկության սրահները և այլն։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր եւ ողջ երկրում։ Դիտարկումներն արվում են ստուգաթերթերով, ու կետ առ կետ ճշտվում է՝ սահմանված կանոնները որքանո՞վ են պահպանվում։
            ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 2020թ․ մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց թվում են, մասնավորապես, հետեւյալ նորմերը․

բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:
Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ մարտի 16-ի N 977-Ա հրամանով:
            Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Անհրաժեշտ է բացառել աղբի կուտակումները՝ աղբը հաճախակի հեռացնելով: Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80% սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:
            Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով՝ պահպանելով անվտանգ վարվելականոնները), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
            Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն: Անձնակազմի բոլոր անդամները պարտադիր կրում են դիմակ։
            Արգելվում է առանց դիմակի հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: Հարկ է բացառել մարդկանց կուտակումները, իրականացնել մարդկանց հոսքի կառավարմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ապահովել սոցիալական հեռավորության (առվազն 1.5 մետր) պահպանմամբ հերթերի կառավարում տարածքի արտաքին հատվածում՝ մուտքերի մոտ, թույլ չտալ մուտքը տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը:

Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 18-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:
            Դիտարկվող ամեն ոլորտի համար սահմանված են առանձին պահանջներ։

Թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։ ԱԱՏՄ մասնագետները մշտադիտարկումները շարունակում են, իսկ խախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ ներկայացնում պարետատուն:
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են:

Այս թեմայով
am