Վրաստանի սահմանները փակ են բոլոր հարևան երկրների հետ

Վրաստանի նախարարների համակարգող խորհրդի նիստից հետո երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանը բաց է: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել սոցիալական ցանցերում և որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունների վրա, որոնց համաձայն Վրաստանի սահմանները բաց են, և ուշադրության կենտրոնում գտնվում է Ռուսաստանը: Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք գործում երկիր: Ես ցանկանում եմ հավաստի տեղեկություն հաղորդել մեր քաղաքացիներին, բնակիչներին՝ սահմանները փակ են բոլոր ուղղություններով, բոլոր հարևանների՝ այդ թվում Ռուսաստանի հետ: Սահմանները բաց են միայն մեր քաղաքացիների համար, նրանք էլ երկիր ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին պետք է անցնեն»,-ասել է Գոմելաուրին:

Ըստ նրա՝ նրանք մեծ մասամբ երկքաղաքացիներ են, որոնք ունեն Վրաստանի քաղաքացիություն, և, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք հանդիսանում են նրանց զավակները կամ ամուսինները:

«Մենք իրավունք չունենք նրանց կանգնեցնելու և հետ վերադարձնելու: Եթե ծնողները երկքաղաքացի են, մենք չենք կարող երեխային այլ երկրում թողնել: Շատ դեպքերում երեխաները չեն հանդիսանում Վրաստանի քաղաքացի, այդ պատճառով էլ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, թե Ռուսաստանի քաղաքացիներ են մուտք գործում երկիր: Ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի բռնկումից հետո Ռուսաստանի շատ քաղաքացիներ չեն ցանկացել վերադառնալ և մնացել են Վրաստանում: Նրանք արդեն մի քանի ամիս է՝ այստեղ են, չեն լքում երկիրը: Նրանց այստեղ գտնվելն օրինական է, քանի դեռ օրենքով սահմանված ժամկետը չի լրացել: Մենք չենք կարող վտարել նրանց երկրից»,-ասել է Գոմելաուրին:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 928 դեպք, վարակման հետևանքով մահացել է 15 մարդ:

Այս թեմայով
am