Եթե իմանամ, որ ԱԺ դահլիճում բոլորը վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, կգամ, կքվեարկեմ․ Ալեն Սիմոնյան

Եթե իմանամ, որ ԱԺ դահլիճում բոլորը վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, կգամ, կքվեարկեմ, եթե Հայաստանում օրհասական օրենք լինի, որը պետք է ընդունվի։ Դա մեր պարտականությունն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։

«Աստված մի արասցե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի և ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր են, կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ, լինելով ՀՀ ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե ՀՀ-ում օրենք կա, որոշում կա, որն օրհասական է և պետք է ընդունվի։ Ես օրինակ, եթե իմանամ, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, ես այնումամենայնիվ, կգամ, դա մեր պարտականությունն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նաև հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցել է 2 պատգամավոր, որոնց մոտ արդեն եղել է կորոնավիրուսային հիվանդություն։

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո, ինչո՞ւ է այսօր գրեթե ամբողջ խմբակցությունը եկել նիստի և արդյոք չպե՞տք է մեկուսանային կոնտակտավորները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բազմաթիվ պատգամավորներ, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ իրենք հանձնել են թեստը և իրենց մոտ բացասական արդյունք է եղել։ Օրինակ, տիկին Մակունցը նույնպես հանձնել է թեստ և բացասական է եղել պատասխանը»։

Այս թեմայով
am