«Այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս». վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993թ-ի հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձևակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչև 1993թ-ի նոյեմբերի 8-ը և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձևակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է և կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։

Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձևակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաև՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետևաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։ Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս և հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միևնույն է փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է։ Առաջարկում եմ ևս մեկ անգամ ընթերցել այն»:

 

Այս թեմայով
am