«Իմ քայլից» Լիլիթ Ստեփանյանի թեստի պատասխանը դրական է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը՝ հավելելով, որ թեստի դրական պատասխանը երեկ է ստացել։

«Արդեն ինձ լավ եմ զգում, մի քիչ վատ ինքնազգացողություն ունեցել եմ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, դրանք են ինձ հիմք տվել, որպեսզի ես թեստ հանձնեմ, հաշվի առնելով առաջիկա շաբաթվա նիստերը, որ որևէ մեկին չվտանգեմ, տնից դուրս չգամ։ Երեկ թեստ հանձնեցի, ցավոք, պատասխանը դրական եկավ»,- ընդգծեց Լիլիթ Ստեփանյանը։

Պատգամավորը հավելեց, որ այսօր փոքր-ինչ թուլություն է զգում, բայց այլ ցավեր չունի և չի ջերմում։

Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ պատկերացում չունի, թե որտեղից կարող էր վարակվել։ Ըստ նրա՝ այս ընթացքում միշտ դիմակ և ձեռնոց է դրել, ախտահանիչ նյութեր օգտագործել։

Հիշեցնենք նաև, որ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Հակոբ Սիմիդյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Համբարձումյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը ևս կորոնավիրուսով են վարակվել։

Այս թեմայով
am