Ակնկալում ենք, որ գլխավոր դատախազը կդրսևորի մասնագիտական ու պաշտոնեական  օբյեկտիվություն. Շաքե Իսայան «Այսօր 3 կուսակցություններով համատեղ  հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն՝  մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից՝ ենթադրաբար իրականացված քրեորեն պատժելի արարքներ կատարելու վերաբերյալ։  Վերջին ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները  ուղղակիորեն պարունակում են քրեորեն պատժելի արարքներ, ինչպիսիք են իշխանության զավթումը, սահմանադրական կարգի տապալումը, պաշտոնական լիազորությունների  այսպես ասած՝ չարաշահումը․․․», -MegaNews.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։  Հիշեցնենք՝ այսօր 3 կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ -ի և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին Գլխավոր դատախազություն: Հաղորդումը ներառում է նաև 2 տարի շարունակ ՍԴ-ի հանդեպ իրականացրած գործողությունները՝ ներառյալ ընդունված օրենքը, որով դադարեցվեցին ՍԴ 3 անդամների և Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը: «Մեր խմբակցության, ինչպես նաև մյուս երկու  քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում  մենք գտանք, որ պարտավոր ենք հարգել  ՀՀ Սահմանադրությունը և համատեղ ներկայացնել դիմում՝ գլխավոր դատախազություն։ Այո, բնականաբար, հասկանալի է, որ իրավական համակարգում խնդիրներ կան։ Վերջին ժամանակահատվածում նաև  գլխավոր դատախազի հետ կապված՝  բազմաթիվ խնդիրների մասին ենք բարձրաձայնել։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ գլխավոր դատախազը կդրսևորի բացառապես մասնագիտական ու պաշտոնեական  օբյեկտիվություն, որի արդյունքում անաչառ քննություն կիրականացվի», —  նշեց Շաքե Իսայանը՝ հույս հայտնելով, որ բոլոր այն անձինք, որոնք կատարել են քրեորեն պատժելի արարքներ, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ վերոշյալ հարցերի հետ կապված՝ այս քաղաքական ուժերը  միասին դիմեն միջազգային  ատյաններ, Շաքե Իսայանը պատասխանեց՝ օրենսդիր մարմինը՝ որպես իշխանության զավթում՝ չորս պետական մարմիններց որևէ մեկի լիազորություններին տիրանալու մասով կարող է  այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։  «Այդ չորս մարմինները հանրապետության նախագահը, ԱԺ-ն, Կառավարությունն ու Սահմանադրական դատարանն են: Այս պահին մենք տեսնում ենք՝  ՍԴ-ի հետ կապված՝ իշխանության զավթում է ընթանում, և մենք գտել ենք, որ գլխավոր դատախազություն այսպիսի դիմում պիտի ներկայացնենք։  Եթե գլխավոր դատախազը ինչ-որ բառերից ու նախադասություններից կառչելով՝ գործին ընթացք չտա, ապա մենք կքննարկենք այդ ծրագրեր իրականացնելու հարցը, այս պահին էլ ենք քնարկում։ Բայց, քանի որ մեր երկրի ներսում այժմ ունենք այս հնարավորությունը, մենք  այսպիսի հաղորդում ենք ներկայացրել՝ ակնկալելով, որ անաչառ քննություն կիրականացվի։ Սպասե'նք գործընթացների զարգացմանը։ Մեզ համար կարևորը ՀՀ Սահմանադրությունն է։ Մենք պետք  է փորձենք օրենքի սահմաններում անել ամեն  ինչ, որպեսզի Սահմանադրությունը չոտնահարվի»,- նշեց պատգամավոր  Շաքե  Իսայանը:   Հասմիկ Սարգսյան

Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին անգամ ՍԴ նիստը չի կայացել: Այսօր նախատեսված աշխատակարգային և լիագումար նիստերը չեն կայացել, քանի որ քվորում չի ապահովվել:

Այս թեմայով
am