«Խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, արդարացի չէ». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ անշարժ գույքի հարկի նոր փոփոխություններին և դրա վերաբերյալ վերջին շրջանում ի հայտ եկած բողոքներին և ֆլեշմոբերին: Նա հայտնեց, որ այն շրջանառվող թեզը, թե տնտեսական այս ճգնաժամի ընթացքում իշխանությունը ևս մեկ հարկ է ավելացնում քաղաքացիների վրա, կա՛մ սխալ ընկալման արդյունք է, կա՛մ դիտմամբ մանիպուլացվում է:

«Նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցած տարի: Այժմ այս նոր նախագծով փորձում ենք անցած տարվա ընդունած նախագծի էֆեկտը մեղմել, որովհետև նախկինում կամ այսօր գործող համակարգը մի քանի շեմեր ունի, առավելագույն շեմը 40 միլիոն դրամն է բնակարանների դեպքում, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը: Վերագնահատման արդյունքում գույքերի մեծ մասն ընկնում է արդեն այդ բարձր շեմից վերև և ըստ այդմ հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում: Այժմ մենք այդ ազդեցությունն ենք մեղմում: Մենք նաև սահուն ժամանակահատվածն ենք դնում 6 տարով, որպեսզի այդ բեռն անմիջապես չզգան մարդիկ: Վերջապես պետք է նկատի ունենալ, որ նոր կանոններով առաջին վճարումը լինելու է 2021-ի դեկտեմբերին, ընդ որում՝ կատարելու են նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով: Այսինքն՝ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, իմ կարծիքով, այդքան էլ արդարացի չէ»,- ասաց պատգամավորը:

 

Այս թեմայով
am