Կառավարությունը կանի անհնարինը, բայց շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին:

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությունը եղել է ուշացումով, ռեակցիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

Վարչապետն ընդգծել է, որ այսօր պարետատան նիստին ընդհուպ մոտեցել են տոտալ և անվերապահ արգելափակման կամ լոքդաունի որոշում կայացնելու եզրին, բայց քննարկումների արդյունքում նկատել են, որ դա չի բերելու ցանկալի արդյունքների:

«Դա ցանկալի որոշում չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր, այլ առավելապես այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է բերել ցանկալի արդյունքների: Արդեն վերջին օրերի ֆլեշմոբով համոզվել ենք, որ գործ ունենք սահմանված կանոնների այնպիսի մի համընդհանուր չպահպանման հետ, որ եթե մենք հիմա ՀՀ բնակավայրերի սահմանները փակենք, այդ չպահման պայմանները տեղափոխվելու են շենքեր, բակեր, հարևանների տներ: Արդյունքում մենք հարվածելու ենք տնտեսության ողնաշարին ու որևէ արդյունք չենք ունենալու, իսկ լոքդաունը բացելուց հետո շատ արագ՝ գործնականում 10-15 օրվա ընթացքում, վերադառնալու ենք օրը 600-700 նոր դեպքի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արձանագրել, որ հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով:

 «Սրա գոնե միջնաժամկետ լուծումը կարող է լինել մի բան, որ իսկապես տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի Հայաստանի Հանրապետությունում, մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի այն կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի պակասի պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի մյուսներին»,– ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված նախկինում արած իր գնահատականը։

 «Նրա այսօրվա գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր կայացրած որոշումներին: Ուրեմն տոտալ հակահամաճարակային շարժման խնդիրներից մեկը պետք է լինի չեզոքացնել հակաքարոզչությունը հակահամաճարակային գործողությունների վերաբերյալ և իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակահամաճարակային քայլերի մեջ: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք, թեկուզ դժոխքի միջով քայլելիս, պետք է դուրս գանք հակառակ կողմից: Մենք արդեն հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Բայց ես ուզում են նաև ասել, որ կառավարությունն այս իրավիճակում երկու քայլ է անում. առաջինը ուղիղ, անկեղծ խոսում և հաղորդակցվում է հանրության հետ, ներկայացնում է ճշմարտությունը, երկրորդ՝ բոլոր միջոցները ձեռնարկվում են հիվանդանոցային մահճակալային և վերակենդանացման տեղերն ավելացնելու համար»,– ընդգծել է վարչապետը։

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր հերթին նշել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իրենց աշխատակազմը չգիտի ինչ բան է հանգիստը։

«Մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, բացառապես մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում: Լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարևոր փաստ. եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները՝ մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ- պապիկները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, և եթե մարտին իրենք ունենում էին հիմնականում թեթև և միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը:

«Ես կարևոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և մենք ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են և այո, ցավոք, մենք ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ»,- ասել է Դավիդյանցը՝ դիմելով բոլոր քաղաքացիներին, որպեսզի նրանք օգնեն բուժաշխատողներին և պահպանեն հակահամաճարակային միջոցառումները:

«Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Այս ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը։ Խնդրում եմ բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասել է Դավիդյանցը։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՇ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը հիշեցրել է, որ դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ ինքը հասարակության կողմից լսում էր «ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է» կոչերը։

«Այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկան, ով ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը՝ բոլոր փողոցներում, բակամերձ տարածքներում, միջպետական ճանապարհներին։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանման ընթացքը։ Սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Շատ դեպքերում իրենց վերաբերմունքն արհեստական լարվածություն ստեղծելն է։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, դիմակները չկրել այնպես, որ այն ցածր լինի քթից կամ լինի բերանից ներքև։ Քաղաքացիներին տուգանելը մեր նպատակը չէ, մենք հակված ենք այն մտքին, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարվող գործողություների լրջությունը։ Կրեք դիմակներ պատշաճ կերպով, որպեսզի փրկեք կյանքեր»,- ասել է ոստիկանության ավագ լեյտենանտը։

Վարչապետն, անդրադառնալով առողջապահական համակարգի հագեցվածության մասին հարցին, նշել է, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բժշկական հաստատություններում: Դրանցից 5-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում: Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ:

«Այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման և ախտորոշման կենտրոն Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը: Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ ընդհանուր և ևս 9-ը վերակենդանացման բաժնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ: Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նա տեղեկացրել է, որ նոր մահճակալներ են ավելացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20-ը՝ ռեանիմացիայում, 20-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժնում:

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսվել են երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները՝ մոտ 50 մահճակալի տեղով: Աշխատանքներ են տարվում Էրեբունի բժշկական կենտրոնում՝ ռեանիմացիոն բաժանմունքում մոտ 50 մահճակալ ծավալելու ուղղությամբ: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ մեկ ու կես ամիս հետո:

«Ամեն օր ծավալվում են հիվանդանոցային և ռեանիմացիոն մահճակալներ, բայց ուզում եմ ընդգծել, որ երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար: Օրինակ, աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկում՝ Նյու Յորքում, հաստատվել էր ճիշտ նման իրավիճակ: Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց հումանիտար աղետ դեռ չենք ապրում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, կանի անհնարինը, բայց, ընդհանուր առմամբ, շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես»,- ասել է վարչապետը:

Այս թեմայով
am