Գագիկ Ծառուկյանին «լռեցնելու» փորձերն իզուր են, խելքի՛ աշեցեք

Երեկ «Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով, որին հաջորդեցին իշխանության ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարություններն ու ելույթները, ավելին՝ այդ հայտարարությունների շքերթը շարունակվում է մինչև այժմ։ ԲՀԿ առաջնորդի ելույթի հիմնական գաղափարը միասնության կոչն էր, որը կարող է օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից։ «Դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Նա պատրաստակամություն հայտնեց հանդիպել, քննարկումներ անցկացնել բոլոր առողջ քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների ու մասնագետների հետ, որոնք կարող են իրենց մասնագիտական ներուժով, գաղափարներով նպաստել մեր երկրի զարգացմանը, այս կամ այն ոլորտի առաջխաղացմանն ու բարգավաճմանը։ Գագիկ Ծառուկյանն օբյեկտիվորեն նշեց, որ անգամ մինչև կորոնավիրուսի տարածումը Հայաստանում արդեն իսկ նախորդ տարիների համեմատ՝ նվազել էին ներդրումների ծավալները, բացի այդ՝ տնտեսական հեղափոխություն չի իրականացվել, ժողովրդին տրված խոստումները չեն իրագործվել։

Փաստենք, որ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ուղղակի ներդրումները զգալի նվազել են. 2018 թվականի հունվար-հունիսին ուղղակի ներդրումները կազմել են 38 մլրդ 670 մլն դրամի չափ, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը շեշտակի պակասել է՝ կազմելով 7 մլրդ 788 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 30.8 մլրդ դրամով պակասել են ներդրումների ծավալները։ Գագիկ Ծառուկյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ մեր երկրում բոլոր ոլորտները ձախողված են ու Կառավարության կազմի 100 տոկոսը պետք է փոխել։

ԲՀԿ առաջնորդի ելույթը դեռ չավարտված՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը սպառնալիքի ոգով տոգորված ելույթով հանդես եկավ՝ նշելով «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»։

Պետք է նշել, որ սեփական ձախողումների մեջ այլոց մեղադրելը սովորություն է դարձել որոշ քաղաքական գործիչների համար։ Դրա վառ ապացույցն է նաև այն, որ Հայաստանում կորոնավիրոսի տարածումը կանգ չի առնում, վարակվածերի թիվը մեծանում է, բայց արի ու տես, որ դրանում, փաստորեն, ժողովուրդն է մեղավոր, ոչ թե այդ ոլորտի պատասխանատուները, որոնք այս երկրի նվազագույն աշխատավարձի համեմատ՝ աստղաբաշխական խոշոր աշխատավարձեր են ստացել, բայց ակնհայտ է, թե ինչպես են իրենց աշխատանքը կատարել։

Քաղաքականությունից ամենևին չհասկացող մարդն էլ կպատկերացնի՝ եթե Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկում կամ առհասարակ, նրա անձի հետ կապված՝ ինչ-որ ապօրինի երևույթ ու գործարք լիներ, ապա դա վաղուց ջրի երես դուրս եկած կլիներ և իրավական գործընթացներն այժմ ընթացքի մեջ կլինեին, չէ՞ որ բազմաթիվ ստուգումներ են իրականացնել որոշ ընկերություններում, բայց չեն հայտնաբերվել սպասված խախտումները կամ ապօրինությունները։ Եվ հետո, գաղտնիք չէ, որ այս իշխանության ներկայացուցիչները, որոնք նախկինում ընդդիմադիր գործիչներ էին, որոշ հայտնի քաղաքական գործիչ-գործարարների հետ, մեղմ ասած, այնքան էլ ջերմ հարաբերություններ չունեին, նրանց համարում էին օլիգարխ, և այդ օլիգարխների գործած ապօրինությունների, հանցանքների ու զանցանքների մասին հայտարարում էին անգամ ԱԺ ամբիոնից, իսկ այժմ նախկինում օլիգարխ համարվող այդ մարդիկ համարվում են ազնիվ գործարարներ, նախկին վատ հարաբերություններն այլևս չկան հիմա դրանք ջերմ են, ավելին՝ շատ ջերմ։

Իսկ թե ինչպես այս շրջադարձը եղավ, հարցի պատասխանը թեևս բավական պարզ է։ Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, գող՝ սիրտը դող։ Իշխանափոխությունից անմիջապես հետո սիրտը դող ընկածները միանգամից ջանացին ջերմ կամ գոնե նորմալ հարաբերություններ ստեղծել այս իշխանության ներկայացուցիչների հետ։

Եվ այս տրամաբանությամբ, ապօրինություններ գործած կամ «ապօրինի գույք ձեռք բերած» անձը ինչո՞ւ և ինչպե՞ս պիտի հայտարարեր, որ ձախողումներ են եղել։ Թերևս ակնհայտ է, թե այս վարկածը որքանով է ժողովրդական լեզվով ասած՝ «խելքին մոտ» լինելուց հեռու։

Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանը նախկինում հայտարարել է՝ եթե պետք լինի վեթինգի ենթարկվել, ինքը պատրաստ է: Այնպես որ, այսպիսի քաղաքական գործչին հնարավոր չէ լռեցնել․․․ Գագիկ Ծառուկյանի բարեգործություններից սրտնեղող, բարեգործությունն իրենց արշինով չափող, դա իրենց տեսանկյունից ներկայացնող, բայց ազգի համար սրտացավ գործիչները ևս քիչ չեն․․․

Իսկ Ծառուկյանի նոր հայտարարությունը լավ առիթ էր վերլուծական նոր մտքեր արտահայտելու համար։ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունից հուզված կամ նյարդայնացած քաղաքական գործիչները «սիրո ու համերաշխության» սկզբունքներից ելնելով՝ սպառնալից գրառումների փոխարեն պետք է խոսեին փաստորով։ Թո՛ղ փորձեն փաստերով ապացուցել, որ, օրինակ, ներդրումները չեն նվազել, որ այս կամ այն ոլորտում առաջընթաց է գրանցվել և դրա շնորհիվ բարելավվել է քաղաքացիների կյանքի որակը։

Նրանք նաև հնարավորության դեպքում կարող են ապացուցել, որ այս կամ այն ոլորտի պատասխանատու պետական գործիչը իր բեղուն աշխատանքով ու կառավարումով այս կամ այն դրական արդյունքն է գրանցել, ավելին՝ կարող են ավելացնել, որ, հետևաբար, արժանի է աստղաբաշխական ծավալների հասնող պարգևատրումներին․․․

Այո, նրանք կարող են խոսուն փաստեր ներկայացնել, եթե իհարկե դրանք կան․․․ Մերկապարանոց հայտարարություններով որքա՞ն կարելի է առաջ ընթանալ։ Պատմությունը ցույց է տվել՝ նման ստրատեգիաներով առաջ ընթանալու փորձերը սովորաբար ձախողվում են։

Քանի դեռ շատ ուշ չէ, Ջիվանու «խելքի՛ աշեցեք», որովհետև բոլորս գիտենք, թե ինչպիսին է լինում այն իշխանությունների վերջաբանը, որոնք փորձում են ժողովրդին կամ պետությունը փորձադաշտ դարձնել։

Այս թեմայով
am