Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 4-ին ու մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Արթուր Վանեցյանը պահանջում է, որ Փաշինյանն ու նրա մամուլի խոսնակը հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

Հայցադիմումի պատճառ է հանդիսացել Փաշինյանի մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե, իբր, «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ վարչապետի խոսնակի հայտարարության մեջ տեղ գտած տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել ևս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու՝ քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը», - հայտարարել էին փաստաբանները։

Այս թեմայով
am