Հռոմի պապը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի կապակցությամբ եւ դատապարտել բռնությունն ու ռասիզմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում վերջին իրադարձությունների կապակցությամբ, որտեղ բողոքի զանգավածային ցույցեր են ընթանում, եւ դատապարտել է բռնությունն ու ռասիզմի ցանկացած դրսեւորում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեծ անհանգստությամբ եմ հետեւում անկարգություններին, որոնք այս օրերին բռնկվել են Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Թանկագին բարեկամներ, մենք չենք կարող հանդուրժել կամ աչք փակել ռասիզմի ցանկացած դրսեւորման վրա»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը ավանդական հավաքական ընդունելության ավարտին: Նա միաժամանակ նշել է, որ «բռնության միջոցով ոչ մի բանի հասնել հնարավոր չէ, բայց [դրա պատճառով] հնարավոր է շատ բան կորցնել»:

«Այսօր ես Ջորջ Ֆլոյդի եւ ռասիզմի մեղքի պատճառով կյանքից զրկված բոլորի հոգու հանգստության իմ աղոթքով միանում եմ Մինեապոլիսին եւ ամբողջ Միացյալ Նահանգներին»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին հաճախ միանում է ԱՄՆ Ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել է պարետային ժամ:

Այս թեմայով
am