ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ոստիկանությունում բարեփոխումների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու նախագիծը: 

Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր հենց այս քառօրյայի ընթացքում: Այնուհետև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ որոշում կայացվեց երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով: 

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստացել են խորհրդարանական խմբակցություններից:

ԲՀԿ-ն նախ առաջարկել է ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ավելի ուշ, ինչը չի ընդունվել, քանի որ փոխնախարարի պարզաբանմամբ՝ Կառավարությունը որոշում ունի նախագիծը հնարավորինս շուտ գործարկել:

ԲՀԿ-ի մյուս առաջարկությունը վերաբերել է կադրային համալրումներին, առաջարկվել է պարեկային ծառայության կազմը համալրել միայն ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթությամբ անձանցով: Այս առաջարկությունը ևս չի ընդունվել, քանի որ Կառավարությունը մտադիր է դաշտը բացել բոլորի համար,-ասագ Գրիգորյանը:

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված նախագծի հրատապությունը։ Փոխնախարարը շեշտեց, որ հրատապությունը ֆիքսված է Կառավարության ռազմավարությամբ, որով նախատեսված է 2020 թվականի առաջին եռամսյակում Երևանում գործարկել պարեկային ծառայությունը:

Նաև կա կամք օր առաջ սկսել ոստիկանական համակարգի բարեփոխումները,-վստահեցրեց նախարարի տեղակալը:

Այս թեմայով
am