Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ատլանտայի և ամերիկյան այլ քաղաքների փողոցներ

Նյու Յորքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ ի պաշտպանություն Մինեապոլիսի ցուցարարների, որոնք պահանջում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության  արդար հետաքննություն: ԱՄՆ-ի խոշորագուն քաղաքում ցուցարարները բարիկադներ են սարքում՝ պատրաստվելով ոստիկանության հետ բախումներին: Ցուցարարները փայտյա վահաններով կասեցրել են ոստիկանական մեքենայի ընթացքը, նրանց ուղղված հայհոյանքներ գրել շենքերի պատերին: Նրանք գրառումներ են արել անգամ սուրբ Պատրիկի տաճարի պատերին:

Ցուցարարները փակել են նաև Բրուքլինի կամուրջը, որտեղ հսկայական խցանում է առաջացել: Ոստիկանների պահանջներին ի պատասխան՝ ցուցարարները նրանց ուղղությամբ ջրով լի շշեր են նետել, ինչից հետո իրավապահները պղպեղի սրվակներ է կիրառել, ամբոխը ցրվել է:

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ իրավապահները բերման են ենթարկել 200 ցուցարարի, ըստ տեսանյութերի՝ դա տեղի է ունեցել բիրտ ուժի կիրառմամբ: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում անգամ երևում է՝ ինչպես է ոստիկանական մեքենան մխրճվում վահաններով ճանապարհը փակած ցուցարարների մեջ:

Նյու Յորքից բացի, բողոքի ակցիաներ են նաև Լոս Անջելեսում, այստեղ խանութներ են թալանվել, այդ թվում շատ հայտնի Մելռոուզ և Ֆեյրֆաքս փողոցներում, տեղի են ունեցել հրկիզումներ: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել և մահակներով հարվածել է ցուցարարներին, կան հարյուրից ավելի բերման ենթարկվածներ: Քաղաքում պարետային ժամ է հայտարարվել:

Պարետային ժամ է հայտարարվել նաև Չիկագոյում, Ատլանտայում:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել է: Դեպքից հետո Մինեապոլիսում չեն դադարում բողոքի ակցիաները:

Այս թեմայով
am