Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. ծանոթն այստեղ էլ հաղթեց

«Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Գրում է՝ «Ժողովուրդ» թերթը:  Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ:

Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ:

Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե` ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց:

Արդյունքում Ազիզյանը նշանակվեց: Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը: 2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ, ահա, ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահներին հանցագործության մասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է: Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ: Եվ, ահա, Ազիզյանի նշանակումից հետո Սյունիքում կրքերը չեն հանդարտվում, եւ ոստիկանները իրենց գործելաոճն են ընտրել:

Մասնավորապես, վերջին օրերին Սիսիանում քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջեւ միջադեպ էր արձանագրվել, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Սիսիանի բնակիչները Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ: ՀՔԾ-ն, Սիսիանի քաղաքացիների բողոքի հիման վրա, հարուցեց երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը եւ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածներով (խոշտանգման հատկանիշներով):

Բանը հասավ Կապանի ոստիկաններին, Քաջարանի բնակիչներն էին ձերբակալվել, որոնք Կապանի ոստիկանների կողմից կրկին բռնության են ենթարկվել, եւ հրապարակվել էր բռնության ենթարկված տղաների լուսանկարները: Այս մասով Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Դատելով իրավիճակից՝ Սյունիքի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի գործելաոճն են ընտրել եւ ծեծի միջոցով են փորձում հարց լուծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am